Տղամարդու «մենոպաուզա». անդրոպաուզա

Տղամարդու «մենոպաուզա». անդրոպաուզա
Տղամարդու օրգանիզմը սկսում է սեռական անկում ապրել 45-50 տարեկանից: Այդ անկումն ի վերջո հանգում է անդրոպաուզա կամ տղամարդու «մենոպաուզա» կոչվող վիճակի:
Այս ընթացքում տեղի են ունենում արական սեռական գեղձերի ֆունցկիայի նվազում: Արական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի, արտադրությունը սկսում է նվազել: Տեստոստերոնն ապահովում է տղամարդու սեռական կարողությունը և տղամարդկային շատ այլ հատկանիշներ: Բացի դրանից տեստոստերոնը խթանում է աշխատունակությունը, ապահովում է էներգիայով, կարգավորում է այլ նյութափոխանակային կարևոր գործընթացներ:
Տեստոստերոնի քանակի փոփոխությունը տարիքի ընթացքում
Մինչ սեռահասունության տարիքը տեստոստերոնի քանակոը ցածր է լինում և սկսում է բարձրանալ սեռահասունության շրջանում: Արական հորմոնի արտադրության մեծացումը նպաստում է մկանային զանգվածի ավելացմանը, մազածածկույթի խտացմանը, ձայնի կոշտացմանը, սեռական ֆունկցիայի և ցանկությունների առաջացմանը: Տեստոստերոնի մակարդակի բարձրացումը հասնում է գագաթնակետին մոտ 20 տարեկանի շրջանում, մինչև 30 այն գրեթե պահպանվում է նույն մակարդակում, իսկ 30-ից հետո  յուրաքանչյուր հաջորդ տարի սկսում է իջնել 1%-ով:
Հարկ է նշել, որ, ի տարբերություն կանանց, տղամարդկանցից ոչ բոլորն են այսպես ասած բուռն տանում «մենոպաուզան»: Բացի այդ տղամարդկանց մոտ սեռական կարողությունը և ֆունկցիան նվազում է, բայց  իսպառ չի վերանում: Կանանց դեպքում դաշտանադադարի շրջանում սեռական ցանկությունը նույնպես պահպանվում է: Ինչ վերաբերում է սեռական ֆունկցիային այն իսպառ դադարում է, քանի որ ձվազատում տեղի չի ունենում:
Տղամարդկանց «մենոպաուզայի» նշանները
  • Սեռական ֆունցկիայի և ցանկության նվազում, անպտղություն
  • Հնարավոր է գինեկոմաստիա՝ կրծքագեղձերի չափերի մեծացում
  • Էներգիայի և մոտիվացիայի նվազում
  • Տրամադրության անկում, դեպրեսիաներ, ինքնավստահության նվազում
  • Քնի խանգարումներ, կենտրոնանալու դժվարացում
  • Մկանային զանգվածի քչացում և ճարպի ավելացում
  • Ոսկրերի խտության նվազում՝ օստեոպորոզ
Ի՞նչ անել ֆիզիոլոգիական  փոփոխություններին դիմակայելու համար
Տղամարդիկ խուսափում են բժշկի դիմել և «մենոպաուզային» բնորոշ փոփոխությունների մասին խոսել մասնագետի հետ: Մեծամասամբ փորձում են ինքնուրույն հաղթահարել իրենց դեմ ծառացած ֆիզիոլոգիական և հոգեբանական խնդիրները: Մասնագետը նախ կարող է նշանակել հետազոտություններ որոնք իրապես կգնահատեն օրգանիզմի վիճակը: Մասնագիտական խորհուրդներն ու ուղորդումները կարող են լուծել առկա խնդիրները:
Շատ կարևոր է առողջ ապրելակերպի պահպանումը՝ առողջ սննդակարգը, ֆիզիկական ծանրաբերռնվածությունը, հանգիստ քունը, ծխախոտի բացառումը: Նշված խորհուրդները առաջին հայացքից թվում են համընդհանուր, սակայն նման կենսակերպի պահպանումը նկատելիորեն դրական ազդեցություն է թողնում տղամարդու օրգանիզմի վրա և բավականաչափ հետաձգում է տղամարդկանց «մենոպաուզան»: