Վուլվովագինիտ չի կարելի անուշադրության մատնել

Վուլվովագինիտ
Վուլվովագինիտ անվանում են կանացի արտաքին սեռական օրգանների (vulva – կանացի արտաքին սեռական օրգաններն են, ներառյալ մեծ և փոքր ամոթաշրթերը, ծլիկը, հեշտոցի նախադուռը) և հեշտոցի բորբոքումը կամ ինֆեկցիոն ախտահարումը: Այս հիվանդությունը հանդիպում է բոլոր տարիքի աղջիկների և կանանց մոտ:
Վուլվովագինիտի առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներն են.
  • Բակտերիաներ
  • Վիրուսներ
  • Սնկեր
  • Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ
  • Արտաքին միջավայրի գրգռող գործոններ
  • Քիմիական նյութերի և ալերգենների ազդեցություն
Բակտերիաներ
Հաճախ հանդիպող բակտերիալ գործոններից են ստրեպտոկոկային (Streptococcus), ստաֆիլոկոկային (Staphylococcus) և գարդներելային (Gardnerella) ինֆեկցիաները: Բակտերիալ վուլվովագինիտի դեպքում սեռական ուղիներից նկատվում է սպիտակամոխրագույն, տհաճ հոտով արտադրություն:
Սնկեր
Ամենահաճախ հանդիպող սունկը Candida albicans-ն է: Սնկային ախտահարման դեպքում  սեռական օրգանների շրջանում առաջանում է քոր, լոռանման, սպիտակավուն արտադրություն: Հատկանշական է, որ վուլվովագինիտի հանգեցնող սնկերը կարող են ակտիվանալ նաև հակաբիոտիկների օգտագործումից հետո: Candida albicans սնկերը սեռական ուղիներում կան նաև նորմայում, սակայն դրանց աճը մշտապես ճնշվում է կնոջ սեռական ուղիների նորմալ միկրոֆլորայի կողմից: Հակաբիոտիկների օգտագործման հետևանքով ոչնչանում են ոչ միայն ախտածին մանրէները, օրգանիզմում նորմալ միկրոբների քանակը նույնպես սկսում է նվազել, ինչն էլ  հանգեցնում է սնկերի ակտիվացման:
Վիրուսներ
Վուլվովագինիտի պատճառ հանդիսացող վիրուսները հիմնականում սեռական ճանապարհով են փոխանցվում: Դրնաք են` 2-րդ տեսակի (HSV-2) հերպես վիրուսը և մարդու պապիլոմավիրուսը (HPV):
Մակաբույծներ
Սրատուտը, ցայլոջիլը և քոսի տիզը նույնպես կարող են առաջացնել վուլվայի և հեշտոցի բորբոքում:
Արտաքին անբարենպաստ գործոններ
Ոչ պատշաճ հիգիենան և տարբեր ալերգեններ կարող են դառնալ սեռական օրգանների բորբոքման պատճառ: Նախատրամադրող գործոններից է նեղ և քիփ ներքնազգեստը, որը կարող է հարել և գրգռել մաշկը՝ ստեղծելով պայմաններ վերոնշյալ գործոնների ազդեցությամբ բորբոքային պրոցեսի առաջացմանը: Բորբոքման պատճառ կարող են դառնալ անորակ կամ ժամկետն անց միջադիրները:
Սեռավարակներ
Սեռավարակները սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիալ և վիրուսային ծագման հիվանդություններ են, որոնք առաջացնում են սեռական օրգանների ախտահարում: Դրանց շարքին են պատկանում՝ տրիքոմոնադային, քլաիդիային, գոնոկոկային, հերպեսային և այլն ինֆեկցիաները:   
Քիմիական նյութեր
Որոշ քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են օճառների, կոսմետիկ և հիգիենիկ միջոցների պատրսատման մեջ, նույնպես կարող են առաջացնել վուլվովագինիտ:
Հիմնական ախտանիշները
  • Կարմրություն և բորբոքում սեռական ուղիների շրջանում
  • Քոր
  • Առատ, երբեմն տհաճ հոտով արտադրություն սեռական ուղիներից
  • Անհանգստություն և ցավ միզարտադրության ընթացքում
Բուժում
Բուժումը պետք է նշանակի բժիշկը: Բուժման հիմքում ընկած է առաջացնող գործոնի տարբերակումը:
Ինֆեկցիոն գործոնների դեպքում կիրառում են համապատասխան հակաբիոտիկներ, հակասնկային և հակավիրուսային պրեպարատներ:
Բուժման ընթացքում և հետո շատ կարևոր է հետևել անձնական և սեռական հիգիենային: Ինֆեկցիոն վուլվովագինիտի դեպքում անհրաժեշտ է հետազոտել և բուժել նաև զուգընկերոջը, եթե նույնիսկ նրա մոտ բացակայում են ախտանշանները: