Ամորձապարկը կամ փոշտը մաշկային ծալք է, որն իր մեջ է ներառում ամորձիները: Ամորձապարկի հաստության մեջ են գտնվում նաև ամորձին սնուցող անոթները և նյարդերը: Փոշտի երակների փոփոխությունների հետևանքով էլ առաջանում է վարիկոցելե:
Վարիկոցելեն հանդիպում է երիտասարդների շուրջ 20%-ի մոտ և հասուն տղամարդկանց շուրջ 15%-ի մոտ: Վարիկոցելեն հիմնականում զարգանում է սեռահասունության շրջանում: Կապված ամորձիների և ամորձապարկի անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններից՝ վարիկոցելեն ավելի հաճախ լինում է ձախակողմյան: Հիվանդությունը հազվադեպ է գրանցվում երկու կողմից: Ընդ որում վարիկոցելեն ոչ բոլոր դեպքերում է ազդում սերմի արտադրության վրա:
Տղամարդու վերարտադրողական համակարգի կարևորագույն օրգանները ամորձիններն են, որտեղ առաջանում և կուտակվում են սպերմատոզոիդները: Այստեղ է սինթեզվում նաև տեստոստերոնը: Սեռական հարաբերության կամ օնանիզմի ժամանակ սպերմատոզոիդները սերմնալարով ամորձուց անցնում են շագանակագեղձ, որում խառնվում են գեղձում արտադրվող սերմնահեղուկի հետ: Առաջացած խառնուրդը իրենից ներկայացնում է վերջնական սերմը, ինչն էլ դուրս է ժայթքում առնանդամից՝ միզուկի միջոցով:
նորմալ անատոմիա

Որո՞նք են վարիկոցելեի առաջացման պատճառները
Ամորձին փոշտի մեջ «կախված» է սերմնալարից, ինչը բաղկացած է ամորձին սնող անոթներից (զարկերակ և երակ) ու նյարդից: Երակների մեջ առկա են փականներ, որոնք նորմայում փակվում են մի ուղղությամբ և խոչընդոտում են արյան հետհոսքը երակով: Այս երակային հյուսակը փոքր-ինչ հովացնում է դեպի ամորձի զարկերակով գնացող արյունը, ինչը ստեղծում է նպաստավոր պայմաններ սպերմատոզոիդների հասունացման համար:
Վարիկոցելեի առաջացման հիմքում ընկած է երակների լայնացումը ու փականների աշխատանքի անբավարարությունը: Փականի անբավարարության հետևանքով տեղի է ունենում արյան որոշ քանակի հետհոսք և կուտակում երակներում: Սա բերում է երակների լայնացման և ամորձու արյան շրջանառության խանգարման:
սերմնալարի երակների լայնացում
Երակների փականների անբավարարության առաջացման բուն պատճառները և նախատրամադրող գործոնները հաստատված չեն, սակայն պետք է նշել, որ վարիկոցելեն առաջանում է աստիճանաբար և սկզբնական շրջանում կարող է չանհանգստացնել:
Վարիկոցելե . հիմնական ախտանշանները
Վարիկոցելեն կարող է ընթանալ անախտանիշ: Սակայն հնարավոր են նաև որոշ նշանների առաջացում, որոնք հիմնականում դրսևորվում են հիվանդության ուշ փուլերում՝
-
Ամորձու, ամորձապարկի այտուցվածություն
-
Ամորձապարկի երակների տեսանելի լայնացում
-
Կրկնվող, բութ ցավ ախտահարված ամորձու շրջանում
Բարդությունները՝
-
Ամորձիների ատրոֆիա – սկսում է զարգանալ արյան շրջանառության վատացման և ամորձիների սնուցման խանգարման պատճառով:
-
Անպտղություն – ի հայտ է գալիս տեղային ջերմաստիճանի բարձրացման և սնուցման խանգարման պատճառով: