Վահանաձև գեղձ . ամենաքննարկվողներից մեկը

Վահանաձև
Վահանաձև գեղձը փոքրիկ, թիթեռնիկի տեսքով գեղձ է՝ տեղակայված պարանոցի առաջային մակերեսին, կոկորդի վահանաձև աճառից անմիաջապես առաջ ու ադամախնձորից ներքև: Վահանաձև գեղձը օրգանիզմի ընդհանուր էնդոկրին համակարգի կարևորագույն մասն է կազմում և իր կողմից արտադրվող հորմոնների (թիրոքսին T4, եռյոդթիրոնին` T3) միջոցով մասնակցում է բազմաթիվ կարևորագույն նյութափոխանակային պրոցեսների:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ էնդոկրին գեղձերի հիվանդությունների մեջ վահանաձև գեղձի հիվանդությունները գրավում են 2-րդ տեղը, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններից հետո: Վահանաձև գեղձի հիվանդություններ ախտորոշվում են ամեն 10-րդ մարդու մոտ:
Վահանաձև գեղձի հիվանդությունների հաճախականությունը բարձր է նաև Հայաստանում, ինչը մեծապես պայմանավորված է յոդի պակասի հետ: Յոդը կարևորագույն միկրոէլեմենտ է, ինչը խիստ անհրաժեշտ է մարդկային օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:
Վահանագեղձի հիմնական և առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են Գրեյվսի հիվանդությունը, Հաշիմոտոյի աուտոիմուն թիրեոիդիտը, հանգույցների առաջացումը, խպիպը:
Ռիսկի գործոններ՝
  • Իգական սեռ
  • Հասուն տարիք (կյանքի երկրորդ կես)
  • Ժառանգական նախատրամադրվածություն
  • Մասնագիտական վնասակարություն (իոնիզացնող ճառագայթներ)
  • Հորմոնալ տեղաշարժեր (օրինակ՝ հղիություն)
  • Բնակություն յոդ-դեֆիցիտային տեղանքում
Ըստ վահանագեղձի ֆունկցիայի տարբերում են հորմոնների գերարտադրություն (հիպերթիրեոիդիզմ) և թերարտադրություն (հիպոթիրեոիդիզմ):
Հիպերթիրեոիդիզմ
Այս դեպքում գեղձը գերակտիվ է և արտադրում է նորմայից շատ ավելի հորմոններ: Գեղձի ֆունկցիայի նման խանգարման հանգեցնող հիվանդությունները հանդիպում են կանանց շուրջ 1%-ի մոտ: Ավելի հազվադեպ նման խանգարում հանդիպում է տղամարդկանց շրջանում:
Հիպերթիրեոիդիզմի զարգացման 70%-ը բաժին է հասնում Գրեյվսի հիվանդությանը, հաջորդ տեղում է տոքսիկ հանգուցային խպիպը: Երկու դեպքում էլ դիտվում է գեղձի ֆունկցիայի գերակտիվացում և հորմոնների գերարտադրություն:
Հիմնական ախտանշաններ
  • Անհանգստություն
  • Դյուրագրգռություն
  • Ավելացած քրտնարտադրություն
  • Տագնապային վիճակներ
  • Սրտխփոցներ
  • Քաշի կորուստ
  • Աչքերի արտանկում (Գրեյվսի հիվանդության դեպքում)
  • Մկանային թուլություն
  • Քնի խանգարում
  • Մազերի և եղունգների փխրունություն
  • Մատների դող
 Հիպոթիրեոիդիզմ
Այս դեպքում նկատվում է վահանագեղձի ակտիվության ընկճում և հորմոնների արտադրության նվազում: Այս վիճակը հաճախ հանդիպում է Հաշիմոտոյի աուտոիմուն թիրեոիդիտի, վիրահատության կամ ճառագայթային բուժման ժամանակ գեղձի վնասման հետևանքով:
Հիմնական ախտանշաններ
  • Քրոնիկական հոգնածություն
  • Մաշկի չորություն
  • Հիշողության խանգարում
  • Դեպրեսիա
  • Ցրտադիմացկունության անկում
  • Թուլություն
  • Քաշի ավելացում
  • Սրտի աշխատանքի դանդաղում
 Ախտորոշում և բուժում
Վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշման համար առաջին հերթին կիրառվում են լաբորատոր քննություններ, որոնց նպատակն է պարզել արյան մեջ վահանագեղձի կողմից սինթեզվող հորմոնների մակարդակը (T3, T4) և հիպոֆիզի կողմից արտադրվող թիրեոտրոպ (TTH) հորմոնի մակարդակը: Վերջինս հանդիսանում է վահանագեղձի կողմից սեփական հորմոնների արտադրման կարգավորիչը և անմիջականորեն փոխկապակցված է գեղձի ֆունկցիայի հետ հետադարձ բացասական կապով: Այսինքն, երբ վահանագեղձի հորմոնների մակարդակը նվազում է արյան մեջ, աճում է հիպոֆիզի կողմից թիրեոտրոպ հորմոնի արտադրությունը, ինչը խթանում է վահանագեղձի կողմից T3 և T4 հորմոնների արտադրությանը: Երբ վահանգեղձի հորմոնների մակարդակը բարձրանում է արյան մեջ, հիպոֆիզի կողմից TTH-ի արտադրությունը նվազում է: Այս հետազոտությունը թույլ է տալիս գաղափար կազմել գեղձի ֆունկցիայի մասին:
Մյուս կարևոր հետազոտության մեթոդը վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտությունն է, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել գեղձի չափերի և կառուցվածքային փոփոխությունների մասին (ներառյալ հանգույցների առկայության, դրանց տեղակայման և քանակի մասին):

վահանաձև

Բուժական մոտեցումները տարբեր են՝ կախված կոնկրետ հիվանդությունից և գեղձի ֆունկցիայի խանգարման աստիճանից: Ընդհանուր առմամբ բուժումը կարող է սահմանափակվել հորմոնային դեղորայքով (հիմնականում թերֆունկցիայի դեպքում), հակահորմոնային կամ ռադիոակտիվ յոդի դեղամիջոցներով (գեղձի գերֆունկցիայի դեքում), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վիրաբուժական եղանակով գեղձի մասնակի կամ լրիվ հեռացումով (Գրեյվսի հիվանդություն, տոքսիկ խպիպ, չարորակ հանգույցների առաջացում և այլն): Չարորակ նորագոյացությունների դեպքում կիրառվում է նաև ճառագայթային բուժում:
Ինչպե՞ս կանխարգելել վահանագեղձի հիվանդությունները
  • Հրաժարվել ծխախոտից
  • Օգտագործել յոդ պարունակող սննդամթերք (ծովամթերք, ջրիմուռներ, յոդացված աղ)
  • Ֆիզիկական ակտիվության պահպանում
  • Պարտադիր այցելություններ բժշկին կանխարգելիչ նպատակներով