Պրոբիոտիկները սննդային հավելումներ են. օգտագործե՞լ

պրոբիոտիկները
Պրոբիոտիկները դեղամիջոցներ չեն, սննդային հավելումներ են, որոնք պարունակում են աղե-ստամոքսային համակարգի համար օգտակար միկրոօրգանիզմներ: Մարսողությունը աղե-ստամոքսային համակարգում ընթանում է մարսողական նյութերի և միկրոօրգանիզմների միջոցով: Օգտակար միկրոօրգանիզմներն ակտիվ մասնակցում են մարսողությանը: Դրանք նաև արդյունավետ պայքարում են վտանգավոր միկրոբների դեմ, որոնք ներթափանցում են աղե-ստմոքսային համակարգ: Օգտակար միկրոօրգանիզմները մարդը ստանում է բնական սննդամթերքից, օրինակ` կաթնաթթվային մթերքներից (մածուն, կեֆիր, պանիր և այլն):
  • Պրոբիոտիկների օգտագործումը օգնում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ կոլիտը, փորկապությունը, Կրոնի հիվանդությունը, լակտոզայի անտանելիությունը, խոցային կոլիտը և այլն:
  • Հետազոտությունները ցույց են տվել, որ փորկապության դեպքում խախտվում է նաև աղիների միկրոֆլորան, այսինքն` միկրոօրգանիզմների կազմը: Պրոբիոտիկները աղիների pH-ը փոխում են դեպի թթվայինի կողմը (աղիներում pH-ը հիմնային է), ինչը նպաստում է կղանքի ավելի հեշտ արտազատմանը:
  • Ընդունված հակաբիոտիկներն ախտածին մանրէների հետ ոչնչացնում են նաև օգտակար միկրոբներին: Աղիների միկրոֆլորայի խախտման հետևանքով կարող է առաջանալ լուծ: Պրոբիոտիկները աղիներում վերականգնում են նորմալ միկրոֆլորան և վերացնում են լուծը, դրական են ազդում աղիների լորձաթաղանթի վրա` առողջացնելով այն:
  • Պրոբիոտիկները նպաստում են աղիներում սպիտակուցների, վիտամինների և այլ սննդանյութերի լավ յուրացմանը:

պրոբիոտիկները

Ինչպե՞ս օգտագործել պրոբիոտիկները
Սկզբի համար խորհուրդ է տրվում օգտագործել բնական մթերքներ, որոնք հարուստ են նման օգտակար միկրոօրգանիզմներով: Սննդի մեջ պետք է ավելացնել մածունը, կեֆիրը, կաթնաշոռը, պանրը, բաջարեղենը, թթվեցման ճանապարհով ստացված թթուն, թթխմորով պատրաստված  հացը: Եթե բնական մթերքները չեն շտկում իրավիճակը, կարելի է աստիճանաբար անցնել պրոբիոտիկներ պարունակող սննդային հավելումների, որոնք պարունակում են տարբեր քանակությամբ, տարբեր տեսակի միկրոօրգանիզմներ:
Հիմնական տարածված պրոբիոտիկները լակտոբակտերիաներ և բիֆիդոբակտերիաներ պարունակող միջոցներ են: Դրանք օգտակար միկրոօրգանիզմների տեսակներ են, որոնք վաճառվում են կամ առանձին կամ միասին, տարբեր համակցությունների ձևով: Երբեմն այս հավելումներին ավելացվում են նաև այլ տեսակի միկրոբներ: Հարկ է նշել, որ կղանքի հատուկ հետազոտության միջոցով հնարավոր է լինում որոշակի ճշտությամբ պարզել հատկապես հաստ աղու միկրոֆլորայի վիճակը և ըստ անհրաժեշտության ընդունել այս կամ այն համակցությամբ պրոբիոտիկներ:
Պրոբիոտիկները պետք է ընդունել կամ ուտելուց անմիջապես առաջ, կամ ուտելու ընթացքում, բայց ոչ ուտելուց հետո: Ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել մասնագետի հետ, բժիշկը կասի որ տեսակի պրոբիոտիկ ընդունեք և ինչ կներկայացնի օգտագարծման ձևը: