հակածնի կամ հարուցչի նկատմամբ ձեռքբերովի իմունիտետ ստեղծելու
օրգանիզմը հիվանդությունից պաշտպանելու
նպատակով օտար հակածնի ներմուծումն է օրգանիզմ:
Պատվաստում. առավելությունները
Իմունային համակարգն օրգանիզմի պաշտպանական հզոր մեխանիզմն է: Այս համակարգն օգնում է պայքարել օտարածին և նույնիսկ սեփական օրգանիզմում առաջացող ոչ նորմալ սպիտակուցների և ախտածին մանրէների դեմ: Տարբերում են բնածին և ձեռքբերովի իմունային համակարգեր: Բնածին իմունային համակարգը մարդու բնական պաշտպանական մեխանիզմներն են, որոնք ի ծնե առկա են և մասամբ էլ փոխանցվում են մորից երեխային: Ձեռքբերովի իմունային համակարգը զարգանում է կյանքի ընթացքում, երբ օրգանիզմը աստիճանաբար շփվում է տարբեր մանրէների հետ և ձևավորում է սեփական, յուրահատուկ պաշտպանական պատնեշներ:
Հիվանդությունը առաջանում է, երբ օրգանիզմի իմունային համակարգը ի վիճակի չի լինում տարբերակել օտարը սեփականից: Ախտածին մանրէները ներթափանցելով օրգանիզմ և հաղթահարելով իմունային համակարգի պատնեշները կարողանում են զարգացնել հիվանդություն: Պատվաստում անելու կամ այլ կերպ ասած իմունիզացիայի միջոցով օրգանզիմին, կարծես, սովորեցնում են ճանաչել օտարին և պայքարել դրա դեմ՝ խոչընդոտելով հիվանդության առաջացմանը:
Պատվաստումներ անելու շնորհիվ հաջողվել է վերացնել այպիսի մահացու և հաշմանդամություն առաջացնող հիվանդություններ, ինչպիսիք են՝ բնական ծաղիկը (օսպա), պոլիոմիելիտը: Ներկայումս պատվաստման օրացույցի շնորհիվ վերահսկվում են այնպիսի վտանգավոր վարակներ, ինչպիսիք են՝ կարմրուկը, կարմրախտը, պարոտիտը (խոզուկ), փայտացումը, հեպատիտ B-ն, մարու պապիլոմավիրուսը և այլն:
Ինչպե՞ս է «աշխատում» պատվաստանյութը
Իմունային համակարգի օրգանների կողմից արտադրված բջիջներն ունակ են ճանաչել օտարածին մանրէներին, որոնք ներթափանցել են օրգանիզմ: Այդ բջիջները կարողանում են նաև պայքարել դրանց դեմ: Ամբողջ գաղտնիքը հենց ճանաչման պրոցեսի մեջ է: Երբ օրգանիզմը ճանաչում է օտար օրգանիզմին, օտար սպիտակուցին սկսում է պայքարել դրանց դեմ: Չի ճանաչում` պայքարը չի սկսվում և հարուցիչը առանց արգելքի գործարկում է հիվանդությունը:
Պատվաստման միջոցով օրգանիզմը կարողանում է միանգամից ճանաչել օտարածին սպիտակուցները և անմիջապես պայքարել դրանց դեմ: Պատվաստման շնորհիվ տվյալ հարուցչի նկատմամբ օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, որոնք պատրաստ են անմիջապես ոչնչացնել օտար մանրէներին:
Պատվաստումը նպաստում է իմունային բջիջների այսպես կոչված «հիշողության» ձևավորմանը: Սա կոչվում է իմունային հիշողություն, երբ, մեկ անգամ հանդիպելով տվյալ հարուցչին, իմունային համակարգը հիշում է այն և հաջորդ անգամ հանդիպելիս ավելի արագ և արդյունավետ պատասխան է տալիս: Այլ կերպ կարելի է ասել, որ պատվաստանյութը ծանոթացնում է իմունային համակարգին հարուցչի ավելի անվտանգ ձևը, ինչի շնորհիվ օրգանիզմը պատրաստվում է և, իսկական հարուցչին հանդիպելու դեպքում, արագ պատասխան է տալիս ու խոչընդոտում հիվանդության զարգացումը: Սա հնարավոր է դառնում այն պատճառով, որ պատվաստանյութերը պարունակում են հարուցչի տարբեր մասնիկներ՝ մակերեսային սպիտակուց, մահացած կամ ինակտիվացված միկրոբ, վիրուսային մասինկներ, թուլացված վիրուսներ և այլն: Իմաստը նրանում է, որ նշված առանձին մասինկները ի վիճակի չեն հիվանդություն առաջացնել, սակայն բավարար են իմունային համակարգին իսկական պայքարին պատրաստելու համար:
Պատվաստման տեսակները
Կա ակտիվ և պասվի իմունիզացիա:
Ակտիվի դեպքում օրգանիզմը շփվում է օտար հակածնի հետ և սեփական ուժերով է արտադրում հակամարմիններ: Սրա վառ օրինակ է հենց հիվանդությունը, երբ օրգանիզմը հանդիպում է իրական հարուցչին. ակտիվանում է իմունային համակարգը:
Պասիվի դեպքում օրգանիմզը ստանում է արդեն պատրաստի հակամարմինները: Սրա վառ օրինակ է մորից երեխային հակամարմինների անցում`ծննդաբերության և կրծքով կերակրելու ընթացքում:
Պատվաստում անել-չանելը մշտապես ունի կողմ և դեմ բանակներ
Օրգանիզմի վրա պատվաստման բացասական հետևանքների մասին վերջին տարիներին շատ է խոսվում: Այդ խոսակցությունները չունեն գիտական հիմնավորումներ: Վակցինացիայի հայտնագործումից ի վեր միլիոնավոր մադկանց կյանք է փրկվել: Տարիների ընթացքում պատվաստանյութերի պատրաստման տեխնոլոգիաները կատարելագործվել են և ներկայում ազգաբնակչությանն առաջարկվում են առավելագույն անվտանգ և արդյունավետ վակցինաներ:
Երբեմն պատվաստում անելուց հետո դրսևորվում են «կողմնակի» երևույթներ, հատկապես երեխաների մոտ կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը, իհայտ գալ ցան և այլն: Այս նշանների դեմ պետք է պայքարել բժշկի ցուցումով:
Հատկանշական է, որ պատվաստման համար բացարձակ հակացուցումներ նույնպես կան (ալերգիաներ` այդ թվում նախորդ պատվաստումից հետո, հղիություն, ծանր հիվանդության առկայություն, և այլն), որոնք անհատապես քննարկվում են բժշկի հետ և որոշում կայացվում պատվաստման հնարավորության, կամ ժամկետի հետաձգման մասին:
Վակցինացիայի տված օգուտը մեծապես գերակշռում է դրա անցանկալի դրսևորումները: «Կողմնակի» դրսևորումները կարճատև են (մի քանի օր) և անվտանգ, իսկ տված օգուտը երկարատև է, և փրկում է կյանքեր: