Միոման արգանդի մկանային հյուսվածքից առաջացող բարորակ գոյացություն է, որն այսպես ասած երբեք չի չարորականում, սակայն ժամանակի ընթացքում կարող է մեծանալ, չափերից կախված, որոշակի անհանգստություն պատճառել:
Միոման բավականին տարածված գոյացության ձև է և հաճախ կարող է առաջանալ կանանց ռեպրոդուկտիվ շրջանում (նույնիսկ երիտասար տարիքում): Այն կարող է առաջացնել տարբեր խնդիրներ, սկսած հարևան օրգաններին մեխանիակորեն ճնշելուց մինչև հղիության խոչընդոտում:
Տեղակայումից կախված, տարբերում են միոմատոզ հանգույցների հիմնական երեք տեսակներ.
- ենթալորձային միոմա (աճում են դեպի արգանդի խոռոչ)
- ներմկանային միոմա (աճում են մկանային շերտի հաստության մեջ)
- ենթաշճային միոմա (աճում են դեպի արգանդի արտաքին մակերես)

Ազդեցությունը հղիության վրա
Կանանց մեծամասնությունը սովորաբար հղիության ընթացքում խնդիրներ չի ունենում: Նահագների հեղինակավոր Եյլի համալսարանի մասնագետների կողմից 2010 թ-ի հրապարակած հոդվածի համաձայն, միոմատոզ հանգույնցերը հղիների մոտ կարող են մեծանալ մինչև 30% դեպքերում, հատկապես հղիության առաջին եռամսյակում: Հանգույցների մեծացման ամենատարածված բարդությունը ցավն է, հատկապես երբ գոյացությունը մեծ է լինում 5 սմ-ից: Ցավն ավելի արտահայտված է դառնում հղիության 2-րդ և 3-րդ եռամսյակներում:
Մյուս, ավելի վտանգավոր բարդություններից են.
- Պտղի աճի դանդաղում – հատպաես դեպի արգանդի խոռոչ աճած հանգույցների դեպքում, երբ պտղի զարգացման համար տարածությունը փոքրանում է:
- Ընկերքի շերտազատում – եթե հանգույցը մոտ է տեղակայված ընկերքի կպման տեղին: Սա կարող է ազդել պտղի սնուցման և թթվածնով ապահովման վրա:
- Վաղաժամ ծննդաբերություն – հանգույցի չափերի մեծացումը, ինչպես նաև ցավը կարող են առաջացնել արգանդի կծկումներ և դրանով իսկ պայմանավորված վաղաժամ ծննդաբերություն:
- Կեսարյան հատման անհրաժեշտություն – հետազոտությունները ցույց են տալիս, որ միոմայի առկայության դեպքում մոտ 6 անգամ մեծանում է ծննդաբերության համար կեսարյան հատման կիրառումը:
- Պտղի ոչ նորմալ դիրք – պտղի դիրքի ոչ օրինաչափ դիրքավորում: Միոմայի ժամանակ արգանդի խոռոչը դեֆորմացվում է, ինչը կարող խոչընդոտել պտղի նորմալ դիրքավորմանը:
- Կրելախախտ – հետազոտությունները ցույց են տալիս, որ միոմայի առկայության դեպքում կրելախախտի, վիժման հավանականությունը կրկնակի մեծանում է:
Միոմայի ազդեցությունը պտղաբերության վրա
Միոմա ունեցող կանանց մեծ մասը կարող է բնական ճանապարհով հղիանալ` առանց բուժական միջամտությունների: Հատկանշական է, որ միոմայի տեղակայումից և աճի բնույթից կախված, այն կարող է ազդել հղիանալու վրա: Հատկապես մեծ է վտանգը միոմայի ենթալորձային տեղակայման դեպքում, երբ հանգույցի աճը ուղղված է դեպի արգանդի խոռոչ: Այս դեպքում կարող է ի հայտ գալ լուսանցքի դեֆորմացիա: Կարող են լինել վիժումներ և կրելախախտեր:
Միոմայի ախտանշանները.
- ցավոտ և առատ արյունային դաշտան
- արյունահոսություն դաշտանային ցիկլերի միջև
- սակավարյունություն (անեմիա)՝ երկարատև, առատ արյունահոսություններով դաշտաններով պայմանավորված
- սովորականից երկար դաշտանային ցիկլ
- ցավ գոտկատեղի շրջանում
- փորկապություն (հանգույցի կողմից արգանդի հետին մասում գտնվող հաստ աղու վերջնամասի ճնշման հետևանքով)
- անպտղություն, կրելախախտեր, վիժումներ
- հաճախակի միզարձակում (հանգույցի կողմից արգանդի առջևում գտնվող միզապարկի ճնշման հետևանքով)
Բուժման տարբերակները.
- Միոմէկտոմիա – միոմային հանգույցի հեռացում: Վիրահատությունը պետք է անել հղիանալուց առնվազն 3 ամիս առաջ:
- Հակաբեղմնավորիչ դեղորայք – այս դեղորայքի կիրառումը կանխում է հղիությունը, սակայն միաժամանակ կարող է նվազեցնել հանգույցով պայմանավորված ցավը և առատ արյունահոսությունը դաշտանի ժամանակ:
- Միոլիզ – միջամտության հիմքում ընկած է տարբեր մեթոդներով միոման սնուցող անոթոների խցանումը, ինչը հանգեցնում է հանգույցի փոքրացմանը և որպես կանոն վերացմանը:
- Հղիության ընթացքում – շատ հազվադեպ միջամտություն է, այն կատարվում է հղիության ընթացքում, բացառությամբ հղիության 2-րդ եռամսյակում: Այս դեպքում հնարավոր է հեռացնել միայն ենթաշճային և ներմկանային հանգույցները: