Մաստիտ են անվանում կրծքագեղձի բորբոքքումը: Այն հիմնականում հանդիպում է կերակրող մայրերի մոտ և հազվադեպ այլ դեպքերում (իմուն համակարգի ընկճում, շաքարային դիաբետ և այլն):
Մաստիտի զարգացման հիմնական պատճառներից են Staphiloccocus aureus-ը և Streptococcus agalactiae-ն: Կրծքով կերակրման ժամանակ այս միկրոօրգանիզմները երեխայի բերանի խոռոչից, կաթի որոշ քանակության հետհոսքով անցնում են կրծքագեղձի մեջ, և կարող են առաջացնել բորբոքում: Գեղձի բորբոքման պատճառ կարող են հանդիսանալ նաև պտուկի ճաքերը, որոնք առաջանում են կերակրման ժամանակ դրանց վնասման հետևանքով: Այդ միկրովնասվածքներից միկրոբներն անցնում են դեպի գեղձ:
Հատկանշական է, որ այդ միկրոօրգանիզմներն առկա են մաշկի վրա, սակայն բորբոքում չեն առաջացնում: Ներթափանցելով գեղձի հյուսվածք` դրանք արագ բազմանում են, զարգանում է մաստիտ:
Մաստիտի նշանները.
Մինչ հիմնական ախտանիշների ի հայտ գալը հնարավոր է հարբուխին բնորոշ նշաններ, որոնք կարող են ուղեկցվել մարմնի ջերմաստիճանի բարձրացումով
Հնարավոր է անութափոսի ավշային հանգույցների մեծացում
Կարևոր է հիշել, որ մաստիտի առկայության դեպքում կրծքով կերակրումըբ կարելի է շարունակել՝ չվախենալով վնասել երեխայի առողջությանը: Մաստիտ առաջանում է հիմնականում կերակրման առաջին շաբաթներում, բայց կարող է հանդիպել նաև ավելի ուշ:
Մաստիտը հիմնականում ախտորոշվում է կլինիկորեն՝ միայն արտաքին զննման միջոցով: Եթե այն ունի կրկնման հակում, ապա հնարավոր է բժիշկը առաջարկի հետազոտել կաթը մանրէի տեսակը որոշելու համար:
Բուժումը կարող է ներառել ինչպես ոչ դեղորայքային այնպես էլ դեղորայքային միջոցներ: Ոչ դեղորայքային միջոցներից են տաք կոմպրենսերը, հատուկ պոմպերի օգտագործումը, որոնց միջոցով դատարկում են կրծքում կուտակված հավելյալ կաթը: Խորհորդ է տրվում նաև ժամանակ առ ժամանակ փոփոխել կերակրման դիրքը:
Բարդացած դեպքերում նշանակվում է հակաբիոտիկային բուժում 10-14 օր տևողությամբ, ինչպես նաև հակաբորբոքային բուժում: Ընդ որում բուժման ընթացքում խորհուրդ չի տրվում դադարեցնել կերակրումը:
Ինչպե՞ս խուսափել մաստիտի առաջացումից
Օգտագործել հատուկ պոմպեր կուրծքը կաթից լրիվ դատարկելու համար
Կերակրել երկու կրծքով` մեկ անգամ մի կրծքով, մեկ անգամ` մյուս
Պտուկները մաքրելիս խուսափել օճառի օգտագործումից և մաքրել զգուշությամբ ու նուրբ կտորով
Իրականացնել կրծքի մերսումներ
Փոխել դիրքը կերակրման ընթացքում՝ կուրծքը լիարժեք դատարկելու համար ընտրել
լավագույն դիրքը
Կերակրելուց առաջ կուրծքը ծածկել տաք սրբիչով, ինչը կնպաստի ծորանների լայնացմանը և լիարժեք դատարկմանը կերակրելու ընթացքում
Խուսափել կիպ կրծկալի և վերնահագուստի կրումից
Կրծքագեղձի բորբոքամն նշանների դեպքում, եթե նկատում եք տնային պայմաններում նշված մեթոդների անարդյունավետությունը, ապա անհապաղ պետք է դիմել բժշկին:
Առանց բժշկի նշանակման դեղորայքային բուժում ստանալը, հատկապես կրծքով կերակրման ժամանակ, խստիվ արգելվում է: