Մամոգրաֆիա ` կրծքի քաղցկեղի բացահայտիչը

մամոգրաֆիա mammography маммография
Մամոգրաֆիա
Մամոգրաֆիան կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտությունն է: Այս հետազոտությունը թույլ է տալիս առաջին հերթին բացահայտել կրծքագեղձի քաղցկեղը: Բացի քաղցկեղից մամոգրաֆիան թույլ է տալիս տարբերակել գեղձի նաև բարորակ գոյացությունները: Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար կարևոր են մի շարք միջոցառումներ: Նախ կնոջ կողմից սեփական կրծքագեղձերի ամսական շոշափումը թույլ է տալիս հայտնաբերել կասկածելի գոյացությունները (կոշտացած հատվածներ): Այցելությունը բժշկին նույն նպատակն ունի, կրծքագեղձերի զննումն իրականացվում է մասնագետը: Աննշան կասկածների դեպքերում նշանակվում է մամոգրաֆիա՝ հնարավոր խնդիրները հաստատելու կամ բացառման համար:
Կրծքագեղձի քաղցկեղի տարածվածությունը և  հետազոտման պարբերականությունը
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված տեսակն է: Շատ կարևոր է, թե ինչ փուլում է ախտորոշվում քաղցկեղը և ինչպիսի տեսակի է այն լինում: Ժամանակին ախտորոշվելիս հնարավոր է լինում գրեթե ամբողջությամբ բուժվել այս չարիքից:
Կան տարբեր ուղեցույցներ, ըստ որոնց 40 տարեկանից հետո կանայք պետք է անցնեն տարեկան կամ երկու տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն: Քաղցկեղի ամերիկյան միության տվյալներով 45 տարեկանից հետո յուրաքանչյուր կին պետք է անցնի տարեկան մամոգրաֆիկ հետազոտություն: Եթե կինը 1 կրծքագեղձի քաղցկեղի պատմությամբ հարազատներ` մայր, քույր, ունի, կամ ինքը նախկինում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, ապա նրանց համար հետազոտությունները պետք է սկսվեն ավելի վաղ տարիքից:
Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը
Հետազոտության օրը հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնների: Պետք չէ կիրառել դեզոդորանտներ, կրեմներ կամ օծանելիք կրծքերի և անութափոսերի շրջանում: Այս նյութերը կարող են խեղաթյուրել ստացվող պատկերները և նկարների վրա երևան կալցիֆիկատների կամ այլ գոյացությունների տեսքով:
Հարկավոր է զգուշացնել մամոգրաֆիա անցկացնող բժշկին ձեր հղիության կամ կրծքով կերակրելու մասին: Այս դեպքում հնարավոր է կիրառել ուլտրաձայնային հետազոտություն և միայն խիստ անհրաժեշտության դեպքում կատարել մամոգրաֆիա:
Ի՞նչ է կատարվում մամոգրաֆիայի ժամանակ
Կախված հետազոտության տեսակից դուք կարող ենք այն անցնել կամ նստաց կամ կանգնած դիրքով: Յուրաքանչյուր կուրծքը տեղադրվում է ռենտգեն սարքի հատուկ նախատեսված հարթակում, ինչը այնուհետև սեղմում է կուրծքը՝ տափակեցնելով հյուսվածքը: Այս վիճակում նկարները առավել ինֆորմատիվ են ստացվում: Հետազոտության ընթացքում, կրծքի շրջանում անհարմարություն կամ ճնշման զգացողություն կարող եք ունենալ, որն անմիջապես անցնում է հետազոտությունն ավարտվելուն պես:
Հետազոտության ընթացքում բժիշկը կարող է կատարել մի քանի նկար տարբեր դիրքերից: Պետք չէ շփոթվել կամ տագնապել այս կապակցությամբ, քանի որ դա արվում է հնարավորին լավ պատկերներ ստանալու համար:
Ներկայումս կիրառվում է նաև թվային մամոգրաֆիան, ինչն ավելի պատկերավոր է ցուցադրում հետազոտության արդյունքները, որոնք արտացոլվում են համակարգչի էկրանին և հնարավորություն են տալիս տարբեր կողմերից առավել մանրամասն զննել պատկերները: Թվային մամոգրաֆիան հաճախ ցուցված է 50 տարեկանից փոքր կանանց:
Կա՞ն արդյոք բարդություններ կապված հետազոտության հետ
Մամոգրաֆիկ հետազոտության ընթացքում, ինչպես և այլ ռենտգենաբանական հետազոտությունների դեպքում, հետազոտվողը ստանում է որոշակի քանակով ճառագայթում, ինչը չափազանց փոքր քանակությամբ է լինում և որևէ վնաս չի հասցնում օրգանիզմին: Եթե հղի կինը պետք է մամոգրաֆիկ հետազոտություն անցնի, ապա նրան տալիս են հատուկ գոգնոց (կապարե թիթեցից), ինչը պաշտպանում է որովայնը ճառագայթումից:
Ի՞նչպիսի արդյունքներ պետք է ակնկալել այս հետազոտությունից
Մամոգրաֆիայի արդյունքում կարող են հայտնաբերվել ինչպես բարորակ գոյացություններ (կրծքագեղձի կալցիֆիկատներ, ֆիբրոմաներ, կիստաներ), այնպես էլ` չարորակ նորագոյացություններ: Հետազոտության արդյունքների տվյակներից ելնելով բժիշկնուղղորդում է հետագա քայլերը: