Հղիություն. սկիզբը, ընթացքը և ավարտը: Ի՞նչ պետք է իմանալ:

հղիություն
Հղիությունը տեղի է ունենում, երբ սպերմատոզոիդը բեղմնավորում է օվուլացիայի ենթարկված ձվաբջիջը: Բեղմնավորված ձվաբջիջը այնուհետև շարժվում է արգանդափողերով դեպի արգանդ, որտեղ ենթարկվում է իմպլանտացիայի՝ ներհրվում է  արգանդի պատի լորձաթաղանթի հաստության մեջ և սկսվում է նրա զարգացումը:
Նորմայում հղիությունը տևում է 40 շաբաթ, սակայն կան մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել հղիության ընթացքի և տևողության վրա: Ինչքան շուտ է կինը իմանում հղիության մասին և շուտ է սկսում հետևել իր առողջությանը, այնքան ավելի մեծ է առողջ հղիության և առողջ երեխայի ծնունդի հավանականությունը:
Հղիության ճիշտ ընթացքի համար կարևոր են նաև ապագա մայրիկի գիտելիքները կապված հղիության ընթացքի և հնարավոր բարդությունների մասին: Ուշադիր կինը նկատում է հերթական դաշտանային շրջանի ուշացում և մի քանի այլ նշաններ (առավոտյան թուլություն, կրծքերի մեծացում և «ցավոտություն» և այլն), որոնք հուշում են հնարավոր հղիության մասին:
Ինչպե՞ս հաստատել հղիությունը
Հղիությունը կարելի է հաստատել արյան կամ մեզի մեջ որոշելով մարդու քորիոնային գոնադոտրոպին հորմոնը (hCG): Այս հորմոնը սկսում է արտադրվել բեղմնավորված ձվաբջջի արգանդի խոռոչում իմպլանտացիայից անմիջապես հետո, այսինքն հղիության հենց սկզբից: Սկզբնական շրջանում հորմոնի մակարդակը ցածր է լինում և կտրուկ բարձրանում է մոտ երկու շաբաթ անց (առաջին չկայացած դաշտանային ցիկլի ժամկետին), ինչն էլ թույլ է տալիս որոշել դրա առկայությունն արյան կամ մեզի մեջ: Հղիության տնային թեստերի հիմքում ընկած է մեզի մեջ հենց այս հորմոնի հայտնաբերումը: Լաբորատորիայում վերցված արյան նմուշի մեջ նույնպես որոշվում է հենց քորիոնային գոնադոտրոպինի առկայությունն ու մակարդակը: Ընդ որում արյան թեստն ավելի զգայուն է և կարելի է որոշել հորմոնի նույնիսկ շատ քիչ քանակությունը`  օվուլացիայից ընդամենը վեց օր անց: Հղիության հաստատման գործիքային անվտանգ մեթոդներից է ուլտրաձայնային հետազոտությունը, ինչը կիրառվում է նաև ողջ հղիության ընթացքում՝ պտղի վիճակը և աճը գնահատելու համար:
Հղիության ընթացքը և խնամքը
Հղիության հաստատման տնային թեստերը բավականին ճշգրիտ են և դրական արդյունքից հետո հարկավոր է այցելել բժիշկ-գինեկոլոգին: Մասնագետն իրականացնում է ուլտրաձայնային հետազոտություն և հաստատում հղիության փաստը: Հղիության հաստատումից հետո հղին հաշվառվում է: Կազմվում է բուժհաստատություն այցելությունների օրացույց: Այցելությունների հաճախականությունը կախված է հղիի սկզբնական առողջական վիճակից: Եթե նա դասվում է բարձր ռիսկի խմբում (կան առողջական խնդիրներ՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ կամ 35-ի բարձր տարիք և այլն), ապա այցելություններն ավելի հաճախ են պլանավորվում: Ամեն դեպքում օրացույցը կազմվում է անհատապես՝ հաշվի առնելով ինչպես ընթացքը, այնպես էլ հղիի ու երեխայի առողջական վիճակը:
Ի՞նչ է պետք «հիշել» հղիության ընթացքում
Բժշկի հետ խորհրդակցելով՝ պետք է ընտրել ճիշտ սննդակարգ, իսկ անհրաժեշտության դեպքում սննդին ավելացնել նաև վիտամինային հավելումներ (օրինակ՝ ֆոլաթթու, երեխայի նյարդային համակարգի նորմալ զարգացման համար, որը սակայն բացառապես պետք է նշանակի բժիշկը):
Կարևոր է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվախությունը:
Հղիության ընթացքում պետք է բացառել ալկոհոլը և ծխախոտը, պետք է խուսափել ծխախոտի ծխից:
Ցանկացած դեղորայք պետք է ընդունել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բժշկի նշանակումով:
Ռիսկի գործոններ
  • 35 տարեկանից բարձր տարիք: Այս խմբի կանանց մոտ հղիության ժամանակ ավելի հաճախակի են հանդիպում ուղեկցող առողջական խնդիրներ, որոնք անդրադառնում են նաև հղիության ընթացքի և երեխայի առողջական վիճակի վրա:
  • Բազմապտուղ հղիություն (երկվորյակ, եռյակ և այլն)
  • Զարկերակային բարձր ճնշում
  • Սիրտ-անոթային հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ
  • Քաղցկեղ
  • Երիկամների հիվանդություններ
  • Ինֆեկցիաներ
 Կանխատեսումը
Նորմալ հղիությունը տևում է 40 շաբաթ և ավարտվում է բնական ծննդաբերությամբ: Եթե կան առողջական խնդիրներ կամ բնական ծննդաբերության հակացուցումներ, ապա ծննդալուծումը տեղի է ունենում կեսարյան հատման միջոցով: Կեսարյան հատումը վիրաբուժական միջամտություն է:
Հղիության ընթացքը պայմանականորեն բաժանվում է տրիմեստրերի (եռամսյակների):
Առաջին եռամսյակ
Առաջին եռամսյակում բարձր է կրելախախտերի և վիժման ռիսկը: Վիճակագրությւոնը ցույց է տալիս, որ մինչև 12 շաբաթը լրանալը (առաջին եռամսյակի ավարտ), 4 հղիությունից մեկը ավարտվում է կրելախախտով և վիժումով: 12-րդ շաբաթից հետո այս վտանգը կտրուկ նվազում է:
Երկրորդ եռամսյակ
Երկրորդ եռամսյակում շարունակվում է երեխայի զարգացումը: Այս փուլում կատարվող բժշկական հետազոտությունների նպատակն է պարզել երեխայի վիճակը, օրգան-համակարգերի նորմալ ձևավորումը և զարգացումը: Այս փուլում կարելի է իմանալ նաև երեխայի սեռը: Երկրորդ եռամսյակի կեսերին փոքրիկը սկսում է շարժվել: «Հրումներն» ու «խփոցները» սկսում են զգացվել:
Երրորդ եռամսյակ
Հղիության 27-րդ շաբաթականից սկսած երեխան համարվում է կենսունակ, ինչը նշանակում է, որ երեխան ունի մեծ շանսեր ապրելու արգանդից դուրս: Երրորդ եռամսյակում հղի կնոջ քաշը էլ ավելի է շատանում և կինը ավելի հաճախ է զգում հոգնածություն: Կարող են առաջանալ նաև դիսկոմֆորտի զգացողություններ փոքր կոնքի շրջանում: Արյան և հեղուկի մեծ քանակության կուտակումը ստրին վերջույթներում կարող է հանգեցնել այտուցների առաջացման: Ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ (20-րդ շաբաթից հետո) հղին կարող է զգալ կծկումներ, որոնք դեռևս ծննդաբերական չեն: Դրանք կոչվում են Բրեքստոն-Հիքսի կծկանքներ, որոնք կեղծ են և կակպված չեն նախածննդաբերական կծկանքների հետ:
Ինչպե՞ս նախապատրաստվել ծննդաբերությանը
Ծննդաբերությանը պետք է պատրաստվել ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկապես: Եթե կա լարվածություն և անհանգստություն կապված սպասվելիք ծննդաբերության հետ, ապա անպայման խոսեք բժշկի հետ և հայտնեք ձեր մտահոգությունները: Հղիության ընթացքում պետք է ֆիզիկապես ակտիվ լինել, ակտիվության չափը պետք է քննարկել հղիությունը «վարող» բժշկի հետ:
Հատկապես երրորդ եռամսյակում պետք է հագուստով, հիգիենիկ և առաջին օգտագործման անհրաժեշտ պարագաներով պայուսակ պետք է պատրաստ պահել: Պայուսակը հանկարծակի սկսված ծննդաբերության դեպքում պետք է վերցնել հիվանդանոց ուղևորվելիս: Երրորդ եռամսյակում, առավել ևս եթե առաջին հղիությունն է բժշկի հետ պետք է մանրամասն քննարկել ծննդաբերությանը վերաբերվող բոլոր հարցրեը: