Հեշտոցի քսուկի հետազոտություն
Հեշտոցից վերցված քսուկի լաբորատոր հետազոտությունը թույլ է տալիս պատկերացում կազմել կնոջ միզասեռական օրգանների վիճակի մասին՝ միզուկ, հեշտոց, արգանդի վզիկ:
Ե՞րբ են դիմում այս հետազոտությանը
-
Ցավեր որովայնի ստորին հատվածում
-
Քոր, այրոց արտաքին սեռական օրգանների շրջանում, արտադրություն հեշտոցից, տհաճ հոտի առկայություն
-
Ցավեր սեռական հարաբերության ժամանակ
-
Հղիության պլանավորում և հղիություն
-
Գինեկոլոգիական պլանային հետազոտություններ 3-6 ամիսը մեկ անգամ
-
Հակաբիոտիկներով, հորմոններով և հակաուռուցքային դեղորայքով երկարատև բուժում
-
Սեռական զուգընկերոջ փոփոխություն
Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը
Մինչ բժշկին այցելելը նշված հետազոտության համար, անհրաժեշտ է՝
-
Բացառել սեռական հարաբերությունը 1-2 օր
-
Չօգտագործել ներհեշտոցային դեղամիջոցներ (մոմիկներ, կրեմներ) հետազոտությանը նախորդող 2 օրերի ընթացքում
-
Հետազոտման օրը խորհուրդ չի տրվում միզել քսուկը վերցնելուց առնվազն 2-3 ժամ առաջ
-
Ցանկալի է քսուկը հանձնել դաշտանից հետո 4-րդ-5-րդ օրը
Ինչպե՞ս են վերցնում քսուկը
Քսուկը վերցնում է բժիշկ-գինեկոլոգը մեկանգամյա օգտագործման գործիքով երեք կետից՝ միզուկ, արգանդի վզիկ, հեշտոց: Պրոցեդուրան անցավ է և բարդություններից զերծ: Քսուկը թույլ է տալիս պատկերացում կազմել ինչպես նորմալ, այնպես էլ ախտածին մանրէներին մասին, նաև բորբոքային պրոցեսների առկայության և դրանց արտահայտվածության մասին:
Մեկ այլ կարևոր հետազոտություն է PAP-քսուկը, ինչը վերցվում է արգանդի վզիկից և կատարվում է վզիկում ատիպիկ բջիջների վաղ հայտնաբերման նպատակով: Ատիպիկ բջիջները նախաքաղցկեղային վիճակի մասին են վկայում և դրանց վաղ հայտնաբերումը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը ու հասնել լիարժեք բուժական արդյունքի:
PAP-քսուկի հետազոտությունը պետք է լինի պարբերական կնոջ կյանքի ընթացքում: Ստորև ներկայացնում ենք PAP-քսուկի հետազոտման ժամանակացույցը՝
Տարիք |
PAP-քսուկի հետազոտման ժամանակացույց |
< 21 տարեկան, առանց սեռական հարաբերության փորձի |
Անհրաժեշտություն չկա |
< 21 տարեկան, սեռական հարաբերության փորձով |
Յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ |
21 – 29 տարեկան |
Յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ |
30 – 65 տարեկան |
3-5 տարին մեկ անգամ, եթե նախորդ թեստերը եղել են բացասական, ինչպես նաև բացասական է HPV (մարդու պապիլոմավիրուսի) առկայության թեստը |
65—ից բարձր |
Այլևս անհրաժեշտություն չկա, ինչի կապակցությամբ պետք է խորհրդակցել բժշկի հետ |
Ի՞նչին են ուշադրություն դարձնում քսուկում
-
Լեյկոցիտների քանակին
-
Էրիթրոցիտների քանակին
-
Հեշտոցի միկրոֆլորայի (օգտակար միկրոբների՝ լակտոբակտերիաներ) վիճակին
-
Ախտածին միկրոբների (գոնոկոկ, տրիքոմոնադ և այլն) և սնկերի առկայությանը
Հեշտոցային քսուկի զննման միջոցով կարելի է հայտնաբերել հեշտոցի ախտահարման հետևյալ տեսակները՝
-
Տրիքոմոնադային վագինիտ (սեռավարակ)
-
Բակտերիալ վագինոզ (գերդներելա մանրէով պայմանավորված սեռավարակ)
-
Քլամիդիայով պայմանավորված վագինիտ (սեռավարակ)
-
Կանդիդա ցեղի սնկերով պայմանավորված վուլվովագինիտ
-
Վիրուսային վագինիտ
-
Ատրոֆիկ վագինիտ (հաճախ էստրոգենների պակասի հետևանքով)