Հեմոգլոբինը ցա՞ծր է. ինչպե՞ս բարձրացնել

Էրիթրոցիտ
Հեմոգլոբինը էրիթրոցիտների (արյան կարմիր բջիջներ) մեջ պարունակվող սպիտակուց է: Թոքերում հեմոգլոբինը միանում է թթվածնի հետ և արյան հոսքով տեղափոխում է դեպի օրգան-համակարգեր: Oրգաններում տեղի է ունենում գազափոխանակություն. հեմոգլոբինը տալիս է թթվածինը և վերցնում է ածխաթթու գազը: Թոքերում հեմոգլոբինը տալիս է ածխաթթու գազն ու կրկին միանում` թթվածնին: Արյան մեջ հեմոգլոբինի նորմալ մակարդակը տատանվում է. տղամարդկանց մոտ՝ 140-180 գ/լ, կանանց մոտ՝ 120-160 գ/լ: Երեխաների մոտ կան տարիքային առանձնահատկություններ և յուրաքանչյուր տարիք ունի իր նորմաները:
Արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է առաջացնել թուլություն, քնկոտություն, դյուրհոգնելիություն, աշխատունակության անկում և այլ ախտանշաններ:
Հեմոգլոբինի ցածր (ոչ ծայրահեղ ցածր) մակարդակը, բացի դեղորայքային բուժումից, հնարավոր է բարձրացնել նաև ճիշտ սննդակարգի միջոցով: Ռացիոնում հարկավոր է ավելացնել երկաթ և ֆոլաթթու պարունակող մթերք: Չափազանց կարևոր է նպաստել աղիներում այդ սննդամթերքի յուրացումանը: Որոշ մթերքներ նպաստում են երկաթի յուրացմանը, որոշները հակառակը` խոչընդոտում են:
Երկաթ պարունակող սննդամթերք՝
  • տավարի, խոզի, հավի միս
  • տավարի լյարդ
  • ծովամթերք
  • բրոկոլի
  • սպանախ
  • կանաչ լոբի
  • կաղամբ
 Ֆոլաթթու պարունակող սննդամթերք՝
  • ավոկադո
  • հազար
  • բրինձ
  • հատիկովոր լոբի
  • գետնանուշ
Երկաթի օրական նորմաները
Երկաթի օրական նորման տղամարդկանց համար սահմանվում է 8 մգ/օր, կանանց համար՝ 18 մգ/օր, իսկ հղիների համար՝ 27 մգ/օր:
Ինչպե՞ս նպաստել աղիներում երկաթի յուրացմանը
Երկաթի յուրացմանը նպաստում են վիտամին C-ն և վիտամին A-ն: Հեմոգլոբինի քանակն ավելացնելու համար կազմված սննդակարգում երկաթ պարունակող սնունդը պետք է համատեղել կանաչեղենի, գազարի, կարտոֆիլի, մանգոյի, ելակի, ցիտրուսային մրգերի հետ:  
Ի՞նչն է նվազեցնում երկաթի քանակը
Աղիներում երկաթի յուրացմանը խոչընդոտում են այսպես կոչված ֆիտատները, որոնք պարունակվում են ցորենի, գարու, վարսակի մեջ, ֆենոլային միացությունները, որոնք պարունակվում են սուրճի և թեյի մեջ, կալցիումը, որը պարունակվում է սոյայի, թզի, կաթնամթերքի մեջ և այլն:
Հեմոգլոբինի բարձրացման սննդակարգը կազմելիս խորհուրդ է տրվում նվազեցնել վերը նշված մթերքները: Հաշվի առնելով, որ այդ մթերքներն ունեն նաև բարձր սննդային արժեք պետք է պահպանել սննդի հավասարակշռվածությունը: Սննդամթերքի բացառումը պետք է անի մասնագետը:
Հիշե՛ք:
Հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է ունենալ լուրջ պատճառներ: Ինքնաբուժմամբ զբաղվել չի կարելի, մասնավորապես երկարատև պահպանվող գունատության, մկանային թուլության, կրկնվող գլխացավերի դեպքում պետք է դիմել բժշկի: