Հակաբիոտիկներ . oգտագործե՞լ առանց բժշկի նշանակման

հակաբիոտիկներ
Հակաբիոտիկներ , անկասկած, բժշկության և գիտության լավագույն ձեռքբերումներից են: Մինչ հակաբիտոիկների հայտնաբերումը բակտերիալ հիվանդությունները խիստ վտանգավոր էին և հաճախ ունենում էին մահացու ելք: Հակաբիոտիկների հայտնաբերումը իսկական հեղաշրջում էր բժշկագիտության մեջ: Իրականում այս գործընթացը դանդաղ է զարգացել և գիտնականները աստիճանաբար են կարողացել սկզբում հայտնաբերված պենիցիլինը կիրառելի դարձնել: Հետագայում արդեն գիտությունը հնարավորություն տվեց զարգացնել այս ուղղությունը և բացահայտել հակաբիոտիկների տարբեր խմբեր, որոնք մեծ արդյունավետությամբ օգտագործվում են տարբեր միկրոօրգանիզմների դեմ պայքարելիս: Սակայն շատ կարևոր է հիշել, որ հակաբիոտիկները ազդում են միայն բակտերիաների և պարզագույնների վրա՝ բացարձակապես չվնասելով վիրուսներին:
Շատ կարևոր է հակաբիոտիների ճիշտ նշանակումը, որը պետք  է անի բժիշկը: Հակաբիոտիկների անտեղի նշանակումը հղի է մի շարք անցանկալի հետևանքներով: Նախ և առաջ օրգանիզմում մեծանում է բակտերիաների կայունությունը տվյալ հակաբիոտիկի նկատմամբ: Միկրոօրգանիզմներն ընդունակ են ժառանգաբար հակաբիոտիկների հանդեպ կայունության գեներ փոխանցել և սերունդներին այդ նույն հակաբիոտիկների նկատմամաբ կայունությամբ օժտել: Եթե ավելի պարզ ասենք, ապա մի անգամ անտեղի նշանակված հակաբիոտիկը հետագայում, եթե արդեն հարկ լինի նշանակել, այլևս չի ազդի տվյալ բակտերիայի վրա կամ դրա ազդեցությունը կլինի ցանկալիից շատ ավելի թույլ, ինչը դառնում է ձգձգվող բորբոքային պրոցեսների պատճառ: Ներկայումս բժիշկները ավելի հաճախ են առերեսվում այս խնդրի հետ: Չնայած շուկայում կան տարբեր խմբերի բազմաթիվ հակաբիոտիկներ, բայց գտնել արդյունավետ և աշխատող դեղ դժվար է լինում:
Հակաբիոտիկների կիրառությունը պետք է խիստ հիմնավորված լինի ու որոշվի միայն բժշկի կողմից համապատասխան հետազոտությունների արդյունքների հիման վրա և դուրս գրվի դեղատոմսով: