Ծննդաբերություն. որքան մոտենում է ծննդաբերության ժամկետը, այնքան հղինները սկսում են լարվել, հուզվել, հաճախ նաև նյարդայնանալ: Այս ամենը պարուրում է հատկապես նրանց, ովքեր պատրաստվում են մայրանալ առաջին անգամ:
Ի՞նչ է սպասվում ապագա մայրիկներին այդ շատ կարևոր օրը: Ի՞նչ է սպասվում դրան նախորդող մի քանի օրերի ընթացքում: Ինչպե՞ս նախապատրաստվել ծննդաբերությանը: Ինչպե՞ս դիմակայաել ֆիզիկական, ֆիզիոլոգիական, էմոցիոնալ «բումին»:
Ծննդաբերություն. նշանները
Ծննդաբերությունը մոտ է, եթե դուք զգում եք հետևյալ նշանները՝
Արգանդի, փոքր կոնքի շրջանում լարվածության ավելացում
Սեռական ուղիներից արյունալորձային մածուցիկ արտադրուկի անջատում
Նախածննդյան կծկանքներ
Հղիության 20-րդ շաբաթից հետո հնարավոր են պարբերաբար առաջացող կծկումներ, որոնք կոչվում են Բրեքսթոն-Հիքսի կծկանքներ: Դրանք ցավոտ չեն, կարող են առաջացնել փոքր-ինչ դիսկոմմֆորտ և չունեն հստակ պարբերականություն: Պետք չէ շփոթել Բրեքսթոն-Հիքսի կծկումները նախածննդական կծկանքների հետ: Դրանք ավելի ինտենսիվ և ցավոտ են լինում ու կրկնվում են որոշակի պարբերականությամբ:
Ծննդաբերություն. փուլերը
Փուլ առաջին` ամենաերկարն է: Տևում է նախածննդական կծկանքներից մինչև արգանդի վիզիկի բացումը` 10 սմ-ի չափով: Այն իր հերթին բաժանվում է 3 ենթափուլերի:
Ծննդաբերության վաղ շրջան` տևում է նախածննդյան կծկանքներից մինչև արգանդի վզիկի բացումը 3 սմ-ի չափով: Այս շրջանը տևում է մոտ 8-12 ժամ, իսկ կծկանքները այս փուլում կրկնվում են 20-30 րոպեն մեկ ու տևում են մոտ 30 վայրկյան: Այս փուլում հարկ չկա խուճապի մատնվել և շտապել հիվանդանոց կամ ծննդատուն: Խորհուրդ է տրվում խմել մեծ քանակությամբ ջուր: Այս ընթացքում ուշադրություն է պետք դարձնել կծկանքների հաճախությանը և ուժգնությանը: Կծկանքների ինտենսիվության ավելացումը վկայում է հաջորդ ենթափուլ անցնելու մասին: Այս շրջանում հնարավոր է ամնիոտիկ պարկի ամբողջականության խախտում և պտղաջրերի հեռացում, ինչից պետք չէ խուճապի մատնվել: Պտղջրերի հեռացման դեպքում պետք է գնալ ծննդատուն:
Ծննդաբերության ակտիվ շրջան` տևում է մինչև արգանդի վզիկի բացումը շուրջ 7 սմ: Այս շրջանը տևում է 3-5 ժամ: Կծկանքները կրկնվում են 3-5 րոպեն մեկ ու տևում են 45-60 վայրկյան: Ծննդաբերության ակտիվ շրջանում արդեն պետք է գնալ ծննդատուն: Ընթացքում կարևոր է կառավարել շնչառությունը: Շնչառության կառավարման տեխնիկան նախապես պետք է քննարկել հղիությունը վարող բժշկի հետ: Այս փուլում կարևոր է նաև դիրքի հաճախակի փոփոխությունը: Պետք է շարունակել ջուր խմել, միզելու ցանկության դեպքում` անպայման միզել:
Անցումային շրջան` տևում է մինչև արգանդի վզիկի լրիվ բացումը շուրջ 10 սմ: Սրանից հետո արգանդն արդեն պատրաստ է լինում երեխայի արտամղմանը: Այս շրջանը տևում է 30 րոպեից-2 ժամ: Կծկանքները լինում են 60-90 վայրկյան տևողությամբ 30 վայրկյանից 2 րոպե ընդմիջումներով: Ծննդաբերական ցավերը մեղմելու մեթոդն ընտրում է ծննդկանը: Ընտրել բնական ծննդաբերություն, թե՞ նախապատվություն տալ դեղորայքով աջակցման: Հարցն անհատական և իրավիճակային պատասխան ունի` հաշվի են առնվում մի շարք գործոններ:
Փուլ երկրորդ` բուն ծննդաբերության գործընթացն է: Երեխան սկսում է արտամղվել արգանդի խոռոչից: Այս շրջանում կնոջից պահանջվում է առավելագույն կենտրոնացում և ծննդաբերությունը վարող բժշկի կամ մանկաբարձի հրահանգների հստակ կատարում:
Փուլ երրորդ` ընկերքի արտանկման փուլն է, ինչը նորմայում տևում է մինչև 30 րոպե: Այս պրոցեսը ցավոտ չէ, ընթացքում կինը կարող է զգալ թույլ արտահայված կծկանքներ:
Շատ կարևոր է երեխային հնարավորին շուտ մոտեցնել կրծքին: Հատկապես ծնվելուց անմիջապես հետո կրծքի կաթով երեխան ստանում է մի շարք օգտակար նյութեր: Բացի այդ կերակրման միջոցով կրծքի գրգռումը նպաստում է արգանդի արդյունավետ կրճատմանը: Այն հիմնականում կանխարգելում է հետծննդյան այունահոսությունները: