Խոզի գրիպ կամ H1N1

Խոզի գրիպ
Խոզի գրիպ կամ H1N1
Խոզի գրիպի հարուցիչը H1N1 վիրուսն է, այն կարելի է համարել գրիպի համեմատաբար «նոր» վիրուս: Առաջին անգամ այն հայտնաբերվել է խոզերի մոտ, կարճ ժամանակ անց  պարզվել է, որ այն կարող է հիվանդություն առաջացնել նաև մարդկանց շրջանում: Հատկանշական է, որ մարդը վարակվում է հիվանդ մարդուց:
Մարդկանց մոտ այս վիրուսն առաջին անգամ հայտնաբերվեց 2009 թ-ին: Նույն թվականին աշխարհում գրանցվեց խոզի գրիպի պանդեմիա: Համաճարակաբանները պանդեմիա են անվանում միանգամից մի քանի մայրցամաքում հիվանդության բռնկումը: Առողջապահության համշխարհային կազմակերպությունը 2009-ի պանդեմիայի ավարտը հաստատեց միայն 2010 թ-ի օգոստոսին: Դրանից հետո H1N1-ը հայտնաբերվել է սեզոնային գրիպի վիրուսի մյուս տեսակների հետ:
Ինչպես գրիպի վիրուսի այլ տեսակներ, H1N1-ը նույնպես շատ վարակիչ է և արագորեն տարածվում է հիվանդ մարդուց առողջներին: Փոխանցման ուղին օդա-կաթիլայինն է: Հիվանդի հազից կամ փռշտոցից հետո վիրուսները հայտնվում են առողջ մարդկանց շնչառական ուղիներում և հարուցում են քոզի գրիպ: Հնարավոր է նաև վիրուսի կարճատև պահպանում տարբեր միջավայրում` առարկաների մակերեսներին: Առողջ մարդիկ կարող են վարակվել նաև շփվելով այդ մակերեսների հետ (սեղան, դռան բռնակ, և այլն):
Ռիսկի գործոններ
Քանի որ վիրուսը բավականին վարակիչ է և արագ տարածվում է, ռիսկի խմբում մարդիկ են, ովքեր հաղորդակցվում են մարդկանց մեծ խմբերի հետ, փակ տարածքներում աշխատողները:
Վիրուսը վտանգավոր է  մարդկանց որոշակի խմբերի համար, ում մոտ այն կարող է առաջացնել տարբեր բարդություններ՝
  • 65 տ.-ից մեծ մարդիկ
  • 5 տ.-ից փոքր երեխաներ
  • 19 տ.-ից փոքր երեխաներ կամ երիտասարդներ, ովքեր երկարատև ստացել են բուժում ասպիրինով կամ այլ նմանատիպ դեղամիջոցներով
  • Թույլ իմունային համակարգով մարդիկ (ներառյալ ՄԻԱՎ վարակակիրիները)
  • Հղիները
  • Քրոնիակակն հիվանդություն ունեցող մարդի՝ բրոնխիալ ասթմա, սրտային հիվանդություններ, դիաբետ, նյարդամկանային հիվանդություններ և այլն
Գրիպի ախտանշաններ
Խոզի գրիպի դեպքում դիտվող ախտանիշները էապես չեն տարբերվում այլ գրիպերի դեպքում նկատվող նշաներից: Հիմնական դրսևորումներն են՝
  • Դողէրոցք
  • Տենդ
  • Հազ
  • Բկանցքի բորբոքում
  • Արտադրություն քթից
  • Մկանահոդացավեր
  • Արտահայտված թուլություն
  • Հնարավոր է նաև սրտխառնոց և փսխում
Ախտորոշում
Գրիպի ախտորոշումը կատարվում է քիթ-ըմպանից վերցված արտադրուկի լաբորատոր հետազոտությամբ, ինչի արդյունքում պարզվում է գրիպի վիրուսի առկայությունը և առկայության դեպքում նաև դրա տեսակային պատկանելիությունը:
Խոզի գրիպի դեպքում հիմնական բուժական միջոցառումները ներառում են մեծ քանակությամբ հեղուկների ընդունում (ինչը նպաստում է օրգանիզմից վիրուսի հեռացմանը), ջերմիջեցնող դեղամիջոցների կիրառում և միայն բարձր ռիսկի խմբում գտնվող հիվանդների համար հակավիրուսային դեղամիջոցների (Տամիֆլու, Ռելենցա այս պրեպարատները պետք է նշանակի բացառապես բժիշկը) կիրառում: Խոզի գրիպը գրիպի մյուս տեսակների պես մեծամասմաբ անցնում են ինքնուրույն և միայն ծանր դեպքերում են պահանջում լրացուցիչ բուժական միջամտություններ: Հիվանդությունը կարող է ծանր ընթանալ վերևում նշված բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց մոտ, եթե հիվանդության 2-րդ օրը նկատում եք ախտանշանների շեշտակի սրում, անհապաղ պետք է դիմել բժշկի:
Կանխարգելում
Ինչպես ցանկացած այլ հիվանդության դեպքում, խոզի գրիպի վիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցը կանխարգելումն է: Ձեռքերի հիգիենայի պահպանումը, հիվանդ մարդկանց մեկուսացումը, սենյակների հաճախակի օդափոխումը, մակերեսների մաքրումը այն մեխանիկական միջոցներն են, որոնցով կարելի է կանխարգելել վիրուսի տարածումը:
Կարևոր է նաև հիվանդանալու դեպքում խուսափել տնից դուրս գալուց, որպեսզի հնարավորինս սահմանափակեք վիրուսի տարածումը Ձեր կողմից դեպի շրջակա միջավայր:
Գրիպի դեմ լավագույն և արդյունավետ կանխարգելման միջոց է պատվաստումը: Գրիպի սեզոնը հիմնականում սկսվում է հոկտեմբերին և տևում մինչև մայիս: Հիվանդացության առյուծի բաժինը ընկնում է ձմեռային ամիսների վրա: Չափազանց կարևոր է սեզոնի սկզբին ստանալ համապատասխան պատվաստումը: