Սրտամկանի ինֆարկտը սրտի արյան մատակարարման խանգարման հետևանքով զարգացող սրտամկանի մեռուկացումն է, ինչը կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ է: Հաճախ սրտամկանի ինֆարկտը զարգանում է սրտի քրոնիկական հիվանդության ֆոնի վրա: Այս դեպքում հիվանդները պարբերաբար զգում են ինֆարկտի ժամանակ առաջացող տհաճ զգացողությունները, որոնք հայտնի են ստենոկարդիա անվան տակ: Երբեմն հնարավոր է նաև սրտամկանի ինֆարկտի զարգացում նախկինում գանգատների բացակայությամբ, որը հիմնականում հանդիպում է ավելի երիտասարդ տարիքում:
Ինֆարկտի ախտանշանները կարող են տարբեր հիվանդների մոտ տարբեր ձևով արտահայտվել, ավելին` նույն ախտանշաները կարող են թույլ կամ ուժեղ արտահայտվել: Անսովոր կամ թույլ արտահայտված ախտանշաններով ինֆարկտը ընթանում է կանանց, շաքարային դիաբետով հիվանդների կամ տարեցների մոտ:
Հիմնական ախտանշաններն են՝
Կրծքավանդակի շրջանի ցավ, որը արտահայտվում է ճնշման կամ սեղման զգացումով: Ցավը հիմանկանում տեղակայված է լինում կրծքավանդակի կենտրոնում, սակայն այն կարող է ճառագայթել դեպի ստորին ծնոտ, ուս, ձեռք, մեջք և ստամոքսի շրջան: Ցավը կարող է լինել տևական, կամ պարբերաբար հայտնվել-անհետանալ:
Սառը քրտինք
Գլխապտույտ
Սրտխառնոց (ավելի հաճախ կանանց մոտ)
Ձեռքի թմրածություն և ցավ (սովորաբար ձախ ձեռքի, սակայն հնարավոր է նաև աջ ձեռքի կամ երկու ձեռքերի)
Շնչարգելություն
Թուլություն
Գիտակցության մթագնում (հիմնականում տարեցների մոտ)
Ի՞նչ անել ինֆարկտի դեպքում
Սրտամկանի ինֆարկտի կասկածի դեպքում անհրաժեշտ է անմիջապես կանչել շտապ օգնություն: Սովորաբար սրտամկանի ինֆարկտի դեպքում հիվանդը միջինում մոտ 3 ժամ սպասում է մասնագիտացված օգնության և շատ հիվանդներ մահանում են մինչ հիվանդանոց հասնելը: Մինչդեռ ժամանակը այս դեպքում խիստ կարևոր է: Որքան շուտ հիվանդին ցուցաբերվի մասնագիտական օգնություն, այնքան քիչ կլինի սրտամկանի վնասումը և անցանկալի հետևանքները:
Եթե կասկածում եք սրտամկանի ինֆարկտ, ապա պետք է կատարել հետևյալ քայլերը՝
Հիվանդին տալ հանգիստ՝ նստեցնելով և փորձելով բանավոր հանգստացնել:
Արձակել ճնշող հագուստը:
Հարցնել արդյո՞ք հիավնդը ընդունում է սրտային որևէ դեղամիջոց (հատկապես նիտրոգլիցերին), օգնել նրան ընդունել այդ դեղամիջոցը:
Եթե ցավը չի վերանում հանգստից կամ նիտրոգլիցերին ընդունելուց 3-5 րոպեի ընթացքում, կանչել շտապ օգնություն:
Եթե հիվանդը անգիտակից վիճակում է, անհապաղ կանչել շտապ օգնություն և մինչ օգնության ժամանումը, հնարավորության դեպքում կատարել սիրտ-թոքային վերակենդանացում՝ սրտի արհեստական մերսում և արհեստական շնչառություն:
Ի՞նչ պետք չէ անել
Մենակ չթողնել հիավանդին, բացառությամբ օգնություն կանչելու համար կարելի է շատ կարճաժամկետ թողնել մենակ:
Անկախ հիվանդի ցանկությունից կանչել շտապ օգնություն:
Ախտանշանների վերացմանը չսպասել ավելի քան 3-5 րոպե:
Հիվանդին բացի նշանակված դեղամիջոցից ոչ մի դեղ չխմեցնել կամ ներարկել: