Թոքաբորբ. թոքային հյուսվածքի բորբոքում: Կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի: Կարող է ընդգրկել թոքի մեկ բլթի մեկ սեգմենտից մինչև` ամբողջ թոքը:
Թոքերը զույգ օրգաններ են, տեղակայված կրծքավանդակի խոռոչում: Աջ թոքը կազմված է 3, իսկ ձախը՝ 2 բլթերից: Յուրաքանչյուր բիլթ կազմված է ավելի փոքր հատվածներից, որոնք կոչվում են սեգմենտներ: Սեգմենտներն էլ ունեն ենթաբաժանումներ: Թոքային հյուսվածքի ամենափոքր կառուցվածքային միավորը կոչվում է ացինուս: Այն բաղկացած է փոքրիկ բրոնխիոլից և ալվեոլներից: Ալվեոլները կիսագնդաձև պարկիկներ են, որոնցում էլ հենց տեղի է ունենում գազափոխանակությունը: Թթթվածինն անցնում է թոքերից արյունատար հուն: Ածխաթթու գազն արյունից անցնում է դեպի թոքերի խոռոչ: Այստեղից հետագա արտաշնչումով ածխաթթու գազն անցնում է արտաքին միջավայր:
Թոքաբորբի տեսակներն ըստ պատճառների
Ըստ առաջացնող պատճառի, տարբերում են վիրուսային, բակտերիալ, սնկային թոքաբորբեր: Մեծահասակների մոտ առավել տարածված են բակտերիալ թոքաբորբերը: Որքան ծանր է բորբոքային պրոցեսն ընթանում, այնքան ավելի մեծ ծավալով հյուսվածք է ներգրավվում պրոցեսի մեջ: Առավել վտանգավոր են այն թոքաբորբերը, որոնց ընթացքում բորբոքային պրոցեսի մեջ ընդգրկվում են մի քանի բիլթ կամ նույնիսկ ողջ թոքը: Նման ընթացքի դեպքում շնչառական ծավալը կտրուկ նվազում է և կարող է վրա հասնել սուր շնչական անբավարարություն: Թոքաբորբի դեպքում ացինուսներում կուտակվում է բորբոքային հեղուկ: Այդ հեղուկը դժվարացնում է գազափոխանակությունը` մեծ հաշվով շնչառությունը:
Հիմնական ախտանշանները
Առավել հաճախ հանդիպում են՝
Հազ (սկզբնական շրջանում չոր, հետագայում առատ խորխարտադրությամբ)
Տարիքից և թոքաբորբի պատճառից կախված ախտանիշները կարող են տարբեր լինել:
Թոքաբորբն առավել վտանգավոր է վաղ մանկական հասակում և տարեցների մոտ: Մինչև 5 տարեկան երեխաների մոտ առաջատար ախտանիշը լինում է հաճախացած շնչառությունը, տարեցների մոտ հաճախ գրանցվում է մարմնի ջերմաստիճանի նվազում: Երեխաների մոտ կարող են նկատվել ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներ՝ փսխում, աշխուժության անկում, ախորժակի նվազում:
Վիրուսային թոքաբորբերը կարող են սկսվել հարբուխի նման: Ջերմության բարձրացումը կարող է գրանցվել 12-36 ժամ անց: Բակտերիալ թոքաբորբը սկսվում է բուռն` ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով, ջերմությունը կարող է հասնել 40°C-ի, նույնիսկ` 41-42-ի: Կարող է ուղեկցվել խիստ արտահայտված թուլությամբ և առատ քրտնատրադրությամբ:
Թոքաբորբի տեսակները ըստ հարուցչի տեսակի
Բակտերիալ թոքաբորբերն առավել հաճախ հարուցում են Streptococcus pneumoniae, Chlamydia pneumoniae, որոշ դեպքերում նաև Legionella pneumoniae միկրոբները:
Վիրուսային թոքաբորբերը հիմնականում հանդիպում են երեխաների և տարեցների մոտ: Բակտերիալ թոքաբորբերի համեմատ սրանք ավելի մեղմ ընթացք ունեն:
Միկոպլազմային թոքաբորբերը հիմնականում հանդիպում են դեռահասների և մեծահասակների շրջանում: Միկոպլազմաները իրենց կառուցվածքով նման են և՛ վիրուսներին, և՛ բակտերիաներին:
Սնկային թոքաբորբերը հանդիպում են նվազ իմուն համակարգ և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:
Հատկանշական է
Թոքաբորբերը դասակարգվում են նաև ըստ վարակման վայրի: Տարբերում են «ներհիվանդանոցային» և «արտահիվանդանոցային» թոքաբորբեր: «Ներհիվանդանոցային» թոքաբորբերը ձեռք են բերվում հիվանդանոցում և սովորաբար ավելի ծանր են ընթանում: Հիվանդանոցում` հիվանդների օրգանիզմում միկրոբները կայությություն են ձեռք բերում հակաբիոտիկների հանդեպ: Այդ միկրոբները դրսևորում են առանձնահատուկ կայություն:
Ովքեր են ռիսկի տակ
Թոքաբորբ. հիվանդություն է, որով կարող են հիվանդանալ բոլորը, սակայն որոշ գործոններ մեծացնում են հիվանդնանալու հավանականությունը՝
Մանկական (նորածնից մինչև 2 տարեկան) և տարեց (65 տարեկանից բարձր) հասակը
Անկողնային երկարատև ռեժիմը
Թուլացած իմուն համակարգը
Հորմոններով երկարատև բուժումը
Մեծ քանակով ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործելը
Որոշ քրոնիկ հիվանդություններ՝ ասթմա, շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն և այլն
Ախտորոշումը
թոքերի աուսկուլտացիա ֆոնենդոսկոպով (բժիշկը լսում է թոքերում շնչառության վիճակը, նորմայից դուրս աղմուկների առկայությունը և այլն)
կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն (թոքաբորբի հաստատման համար ոսկե ստանդարտ է)
անհրաժեշտության դեպքում խորացված հետազոտություններ՝ համակարգչային շերտագրում, բրոնխոսկոպիա և այլն
Բուժումը
Թոքաբորբի բուժումը կախված է հարուցչի տեսակից և հիվանդության ծանրության աստիճանից: Հարուցիչով պայմանավորված նշանակվում են հաբիոտիկներ, հակասնկային կամ հակավիրուսյաին պրեպարատներ: Բացի նշվածներից, համալիր բուժման մեջ ներառում են հակաբորբոքային, հակաալերգիկ, խորխաբեր և այլ օժանդակ դեղամիջոցներ: Հիվանդության ծանրության աստիճանից ելնելով՝ թոքբորբը հնարավոր է բուժել կամ տան պայմաններում կամ հիվանդնաոցում: Հոսպիտալացում պահանջում են հատկապես միջինից ծանր աստիճանի թոքաբորբերը, երբ մեծ ծավալով թոքային հյուսվածք է ընդգրկված լինում բորբոքային պրոցեսի մեջ և անհրաժեշտություն է լինում անմիջական բժշկական, իսկ երբեմն նաև գործիքային հսկողություն (շնչառական ֆունցկիայի վերահսկում, հավելյալ թթվածնի ստացում և այլն):
Թոքաբորբ. բարդություններից են՝
Բակտերեմիան. միկրոբները թոքաբորբի օջախից արյան միջոցով տարածվում են ամբողջ օրգանիզմում, ինչը կարող է բարդանալ սեպտիկ շոկով և օրգանային անբավարարությամբ
Թոքի աբսցես. այս դեպքում թոքաբորբը բարդանում է թոքի մեջ թարախակույտի առաջացումով
Սուր շնչական անբավարարություն. ծանր բարդություն է, պահանջում է անմիջական ու շտապ բժշկական միջամտություն
Պլևրիտ. այս դեպքում բորբոքային պրոցեսը թոքային հյուսվածքից անցնում է թոքը ծածկող թերթիների՝ թոքամզի կամ պլևրայի վրա: Պլևրայի երկու թերթիկների միջև կուտակվում է բորբոքային հեղուկ, ինչը վատթարացնում է թոքաբորբի ընթացքը
Մահ. ծայրահեղ ծանր դեպքերում, կապված քրոնիկական հիվանդությունների սրացման, իմունային համակարգի խիստ ընկճման, երբեմն նաև բուժման ուշ սկսման հետ պատահում են նաև մահացու ելքեր
Կանխարգելումը
Թոքաբորբ. կանխարգելման համար ներկայում առաջարկում են պոլիվալենտ (հարուցիչների մի քանի տեսակների դեմ ուղղված) պատվաստանյութեր:
Թոքաբորբի կանխարգելումը կարելի է անել նաև ոչ դեղորայքային մեթոդներով՝ վարելով առողջ ապրելակերպ, ամրապնդելով իմուն համակարգը, զերծ մնալով վնասակար սովորույթներից: