Թեփ . մաշկի սնկային հիվանդություն է

թեփ
Թեփ
Թեփը մաշկի շերտազատված և մեռուկացած մասինկներն են, որի առաջացման հիմնական պատճառը սեբորեա կոչվող մաշկաբորբն է: Սեբորեայի առաջացման հիմքում Malassezia furfur սունկն է, որը ախտահարում է գլխի մազածածկ հատվածը: Մի շարք գործոններ խթանում են սնկի աճը, որը դրսևորվում է հայտնի ախտանշաններով՝ խոշոր թեփուկների և գլխամաշկի քորի առաջացումով:
Նորմայում մարդու գլխամաշկին բնորոշ միկրոֆլորայում Malassezia furfur սունկը գերակշռող է` 30-50%, եթե այս թիվը ավելանում է գլխամաշկը սկսում է թեփոտվել: Մի շարք գործոններ նպաստում են սնկի քանակի ավելացմանը և թեփի առաջացմանը: Ազդեցիկ գործոներ են`
  • Նյութափոխանակության խանգարումները
  • Հորմոնալ խանգարումները
  • Կրկնվող սթրեսային վիճակները
  • Հիպովիտամինոզը
Տարբերում են սեբորեայի մի քանի տեսակ՝
  1. Չոր սեբորեա – գլխամաշկը չոր է և մաշկի ճարպարտադրությունը նվազած է: Այս դեպքում թեփուկները ավելի փոքր են և հեշտ են պոկվում:
  2. Ճարպային սեբորեա – մաշկային ճարպի արտադրությունը խիստ մեծացած է, ինչի հետևանքով գլուխը ունենում է յուղոտ տեսք, իսկ թեփուկները ավելի խոշոր են լինում և հաճախ միաձուլված:
  3. Խառը տիպ սեբորեա –  ճարպարտադրությունը ավելացած է գագաթային և ճակատային հատվածներում, իսկ քունքային մասերում մաշկը չոր է:
Նշենք նաև, որ թեփի առաջացման պատճառ կարող են լինել նաև մաշկային այլ հիվանդություններ՝ պսորիազ, էկզեմա, կոնտակտային դերմատիտ: Վերջինի պատճառ հաճախ հանդիսանում են տարբեր կոսմետիկ միջոցներ, որոնք անհամատեղելի են մաշկի տեսակի հետ:
Ի՞նչ չի կարելի անել թեփի դեպքում
  • Մաշկի խնամքի սպիրտ պարունակող միջոցներ
  • Քերել գլխի մաշկը սանրով կամ այլ միջոցներով
  • Ներկել մազերը հիվանդության սրացման ժամանակ
  • Մինչ ախտանշանների վերանալը խորհուրդ չի տրվում օգտագործել ֆեն