Էպիդուրալ ցավազրկում: Ցավազրկել, թե՞ դիմանալ:

էպիդուրալ
Ծննդաբերություն, ցավազրկել, թե՞ դիմանալ
Ցավի նվազեցումը ծննդաբերության ժամանակ ընտրության հարց է: Ընտրել բնական ծննդաբերություն, թե՞ նախապատվություն տալ դեղորայքով աջակցման: Այս հարցն ունի անհատական և իրավիճակային պատասխան` հաշվի են առնվում մի շարք գործոններ: Ընդ որում առաջատար որոշիչ գործոնը հենց ծննդկանի ցանկությունն է:
Յուրաքանչյուր կնոջ համար ծննդաբերությունը և, հատկապես առաջին երեխայի ծնունդը, չափազանց կարևոր իրադարձություն է: Անկախ ավելի փորձառու ծանոթների խորհուրդներից, կինը որոշակի ոգևորվածությամբ և երկյուղով է սպասում այդ օրվան:
Ցավը մեղմելու մեթոդներ
Մինչ դեղորայքային միջամտություններին անցնելը, հարկավոր է ցավը նվազեցնել ֆիզիկական մեթոդներով, մասնավորապես շնչառական տեխնիկայով: Առաջին անգամ մայրացող կանանաց համար պետք է հատկանշել, որ շնչառական մեթոդի տեխնիկան այնքան դրամատիկ չէ, որքան որ ներկայացվում է գեղարվեստական ֆիլմերում և առավել ևս հեռուստասերիալներում: Խորը շնչառական շարժումները հարկավոր է բժշկի հրահանգով զուգակցել կծկանքների հետ: Շնչառական շարժումների տեմպը և ինտեսիվությունը սկզբում հուշում է բժիշկը, որոշ ժամանակ անց ծննդկանն ինքնուրույն կարողանում է կառավարել շնչառական շարժումները: Ավանդական ու ռեֆլեքսային այս մեթոդը էապես կարող է մեղմել ցավի զգացողությունը:
Մանկաբարձի օգնությամբ պետք է հաճախ փոփոխել դիրքը: Ծննդաբերության վաղ փուլերում ցավի զգացումը մեղմվում է դանդաղ քայլելով` մանկաբարձի ուղեկցությամբ:
Դեղորայքային ցավազրկում
Այն դեպքերում, երբ բնական ծննդաբերությունն ուղեկցվում է արտահայտված ցավային համախտանիշով և ծննդկանը ի վիճակի չէ դիմակայել ցավին կամ պարզապես ցանկանում է առանց ծննդաբերական ցավերի ունենալ երեխա, դիմում են ցավազրկման դեղորայքային մեթոդների, որոնք ունեն նաև առավելություններ:
  • Ծննդաբերության ամբողջ ընթացը կարող է լինել անցավ
  • Էպիդուրալ ճանապարհով ներմուծվող դեղորայքի քանակը կարող է ավելացվել կամ նվազեցվել՝ կախված ծննդկանի ցանկությունից
  • Ծայրահեղ դեպքերում բժիշկը կարող է ներարկել նաև տագնապը նվազեցնող դեղամիջոցներ
Բնականաբար, կիրառվող դեղորայքը, ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում նույնպես ունի իր անցանկալի հետևանքները: Կարող են նկատվել կողմնակի ազդեցություններ (գլխացավ, սրտխառնոց, փսխում, ճնշման տատանումներ և այլն), դեղորայքը կարող է փոխանցվել նաև երեխային, որոշ դեպքերում բժիշկը կարող է արգելել նման դեղամիջոցների կիրառումը՝ ելնելով ծննդկանի բժշկական պատմությունից:
Ներկայումս առաջարկվում են ցավազրկման մի քանի մեթոդներ՝
Էպիդուրալ
Էպիդուրալ ցավազրկումը տեղային ցավազրկման տարբերակ է, որի դեպքում դեղամիջոցը ներարկվում է մեջքի ստորին հատվածից, 4-րդ և 5-րդ գոտկային ողերի արանքից դեպի ՝ էպիդուրալ տարածություն (սա տարածություն է ողնուղեղի և ողնաշարի միջև): Այս մեթոդը ունի մի քանի առավելություններ, որոնցից առավել հատկանշական են մեթոդի կիրառությունը թե՛ հեշտոցային ծննդաբերության  և թե՛ կեսարյան հատման ժամանակ: Ընթացքում բժիշկը կարող է ավելացնել կամ պակասեցնել ներարկվող դեղորայքի քանակը՝ կախված իրավիճակից: Եվ որ ամենակարևորն է, այս եղանակով ներմուծված դեղորայքը չի ազդում պտղի/երեխայի վրա, ի տարբերություն ներերակային ճանապարհով տրվող անզգայացնողների: Էպիդուրալ անզգայացման դեպքում անզգայանում է գոտկատեղից ներքև:
Մեջքային (ողնաշարային) բլոկադա
Մեթոդը շատ նման է էպիդուրալին, այն տարբերությամբ, որ այս դեպքում անզգայացնող նյութի ազդեցությունը տևում ավելի կարճ` մինչև մեկ ժամ:
Անալգետիկներ
Սրանք ներերակային ճանապարհով ներարկվող ցավազրկող դեղամիջոցներ են, որոնք ազդում են ամբողջ մարմնի վրա, այլ ոչ տեղային ինչպես էպիդուրալ ցավազրկման դեպքում:
Ընդհանուր ցավազրկում
Անզգայացման այս մեթոդի դեպքում տրվող դեղամիջոցների ազդեցությամբ մարդը քնում է: Այս մեթոդը օգտագործում են անհապաղ վիճակներում, կեսարյան հատումների դեպքում, բայց ոչ բնական հեշտոցային ծննդաբերության ժամանակ: