Զարկերակային բարձր ճնշում է համարվում այն վիճակը, երբ արյան անոթներում ճնշումը գերազանցում է 120-80-ը: Այս երկու թիվն առողջության հիմնական ցուցիչներից է: Անոթներում, նորմայում սիստոլիկ ճնշումը 120, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ 80 մմ սնդիկի սյուն է:
Եթե բարձր զարկերակային ճնշմումը գրանցվում է մի քանի շաբաթ, ապա խոսքը հիպերտոնիկ հիվանդության մասին է: Մինչ այդ մարդու մոտ կարող է դիտվել ճնշման առանձնակի բարձրացումներ: Այդ բարձրացումները կարող են պայմանավորված լինել` ընդունած սննդով, էմոցիոնալ ֆոնով կամ սթրեսային վիճակով: Այդպիսի բարձրացումներն անցողիկ են: Եթե ճնշման բարձրացումը սկսում է հաճախակի դիտվել, կրել կայուն բնույթ` ժամանակն է պարբերաբար չափել ճնշումը և արդյունքներն արձանագրել:
Ժամանակակից դասակարգմամբ տարբերում են զարկերակային ճնշման 5 աստիճան՝
Առողջ վիճակ | ԶՃ-ը չի գերազանցում 120-80 ցուցանիշը |
Բարձրացած ԶՃ | Սիստոլիկ ճնշումը տատանվում է 120-129-ի շրջանում, իսկ դիաստոլիկը՝ չի գերազանցում 80-ը: Այս դեպքում դեղորայքային բուժում չի պահանջվում: Այս էտապում առաջին հերթին պետք է փոխել ապրելակերպը՝ կարգավորելով սննդակարգը` հրաժարվելով վնասակար սովորություններից և ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը: |
1-ին աստիճանի հիպերտոնիա | Սիստոլիկ ճնշումը՝ 130-139, դիաստոլիկը՝ 80-89: Այս վիճակը պահանջում է դեղորայքային բուժում: |
2-րդ աստիճանի հիպերտոնիա | Սիստոլիկը՝ 140-ից բարձր, դիաստոլիկը՝ 90-ից բարձր: Այս վիճակը պահանջում է դեղորայքային բուժում |
Հիպերտոնիկ կրիզ | Սիստոլիկ ճնշման բարձրացում 180-ից ավելի, դիաստոլիկը՝ 120-ից ավելի: Այս վիճակը պահանջում է անհապաղ բժշկական օգնություն: |
Ախտանիշներ
Մեծ հաշվով հիպերտոնիկ հիվանդությունն անախտանիշ է համարվում: 2-րդ աստիճանի հիպերտոնիայի և հիպերտոնիկ կրիզի ժամանակ արտահայտվում են հետևյալ դրսևորումները՝
-
Գլխացավ
-
Գլխապտույտ
-
Տեսողության շեղումներ
-
Քթային արյունահոսություն
-
Շնչարգելություն
-
Ցավեր կրծքավանդակի շրջանում
Այս ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի` շտապ օգնություն կանչել:
Զարկերակային ճնշման ձևերը
Տարբերում են հիպերտոնիայի երկու հիմնական ձև՝ առաջնային և երկրորդային, որոնք էականորեն տարբերվում են իրենց առաջացման պատճառներով:
Առաջնային հիպերտոնիա
Այս տիպը կոչվում է նաև էսենցիալ հիպերտենզիա: Այն առաջանում է ժամանակի ընթացքում առանց որևէ կոնկրետ դրդապատճառի: Սկսում է դրսևորվել սովորաբար 35 տարեկանից: Այս տիպի հիպերտենզիայի զարգացման հիմքում ընկած են մի շարք գործոններ և այն համարվում է բազմապատճառային հիվանդություն: Հրահրող գործոնների թվին են պատկանում՝
-
Ժառանգական նախատրամադրվածությունը – եթե ծնողների մոտ կա, կամ եղել է հիպերտոնիկ հիվանդություն, ապա երեխայի մոտ մեծանում է հասուն տարիքում հիպերոտնիկ հիվանդություն ունենալու հավանականությունը:
-
Արտաքին միջավայրի ազդեցություն – ոչ առողջ սննդակարգ և ապրելակերպ, ավելորդ քաշ, սթրեսային իրավիճակներ:
-
Օրգանիզմի ընդհանուր ծերացում և կարգավորիչ մեխանիզմների աշխատանքի խանգարումներ:
Երկրորդային հիպերտոնիա
Երկրորդային հիպերտոնիան ի տարբերություն առաջնայինի կարող է ի հայտ գալ ավելի վաղ տարիքում: Երկրորդային հիպերտոնիան առաջանում է որպես այլ օրգանների ախտահարման հետևանք, այսինքն այն հանդիսանում է այլ օրգանի հիվանդության դրսևորում: Երկրորդային հիպերտոնիայի առաջացման պատճառներից են՝
-
Երիկամների հիվանդություններ
-
Սրտի բնածին արատներ
-
Վահանաձև գեղձի և այլ էնդոկրին գեղձերի հիվանդություններ
-
Դեղորայքի կողմնակի ազդեցություն
-
Էնդոկրին համակարգի ուռուցքներ
-
Ալկոհոլի և ծխախոտի չարաշահում