Հարպտղային ջրերը կամ ամնիոտիկ հեղուկը կենսաբանական ակտիվ միջավայր է, այն շրջապատում է պտղը։ Հղիության ամբողջ ընթացքում հարպտղային ջրերը կատարում են բազմազան ֆունկցիաներ` ապահովելով մայր-ընկերք-պտուղ համակարգի բնականոն գործունեությունը։
Ամնիոտիկ հեղուկը հիմնականում մոր արյան պլազմայի ֆիլտրատն է, որը նախ և առաջ կուտակվում է ամնիոտիկ էպիթելի սեկրեցիայից։ Հետագայում հեղուկի «արտադրմանը» մասնակցում են նաև պտղի երիկամները և թոքային հյուսվածքը։ Հեղուկը բնութագրվում է փոխանակության բարձր մակարդակով և կենսաբանական առումով չափազանց ակտիվ է։
Հղիության 3-րդ տրիմեստրում 1 ժամվա ընթացքում փոխանակվում է շուրջ 0.5 լ պտղաջուր։ Հատկանշական է, որ հարպտղային ջրերի ողջ ծավալը փոխանակություն է ենթարկվում յուրքանչյուր 3 ժամը մեկ: Այսինքն օրական 8 անգամ ամնիոտիկ հեղուկը ենթարկվում է ամբողջական փոխանակման: Փոխանակության ընթացքում ամնիոտիկ հեղուկի 30 տոկոսն անցնում է պտղի միջով: Պտուղը 1 ժամվա ընթացքում կուլ է տալիս մոտ 20 մլ հեղուկ: 3-րդ եռամսյակում շնչառական շարժումների շնորհիվ պտղի թոքերով օրվա ընթացքում անցնում է մոտ 0.6 – 0.8 լ հեղուկ։ Հղիության առաջին կեսին ամնիոտիկ հեղուկի փոխանակությունը կատարվում է նաև պտղի մաշկով: Ավելի ուշ, երբ էպիդերմիսը եղջերանում է, պտղի մաշկը հեղուկ միջավայրի նկատմամբ դառնում է գրեթե անթափանց ։ Ապացուցված է, որ հղիության վերջում պտուղն արտադրում է օրական միջինում 0.6 – 0.8 լ մեզ։ Պտղի մեզն ամնիոտիկ հեղուկի կարևոր մասն է կազմում։
Հղիության սկզբում հարպտղային հեղուկն անգույն է, թափանցիկ, որը հետագայում փոխում է իր տեսքն ու հատկությունները։ Սկզբում պտղաջերերը գույն չունեն` թափանցիկ են, հետագայում, մինչև ծննդաբերությունը` դառնում են պղտորավուն: Գույնի փոփոխությունը պայամանավորված է պտղի ճարպագեղձերի սեկրետի, ճարպի, ինչպես նաև աղվամազի, էպիթելի թեփուկների և մի շարք այլ նյութերի լուծման հետևանքով։
Ամնիոտիկ հեղուկում առկա են ածխաթթու գազ, թթվածին, ինչպես նաև էլեկտրոլիտներ, սպիտակուցներ, ածխաջրատներ, ճարպեր, ֆերմենտներ, հորմոններ, վիտամիններ, կենսաբանական տարբեր ակտիվ նյութեր։ Հարպտղային ջրերում հայտնաբերվում են նաև մակարդման գործոններ՝ թրոմբոպլաստին, ֆիբրինոլիզին և այլն:
Հարպտղային ջրերը կատարում են նաև կարևոր մեխանիկական ֆունկցիա։ Հեղուկը պայմաններ է ստեղծում պտղի ազատ շարժունակության համար: Պտուղը պաշտպանում է անբարենպաստ արտաքին ազդակներից: Պաշտպանում է պորտալարը պտղի և արգանդի պատերի միջև սեղմվելուց, պտղապարկը ծննդաբերությանառաջին շրջանում նպաստում է արգանդի պարանոցի բացմանը։